Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » editorial » Հարված թիկունքից

    Հարված թիկունքից

    Հարված թիկունքից
    Օգոստոս 8, 2018 13:25 editorial, Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Կարելի է արդեն փաստել, որ ԵԼՔ դաշինքում ընդգրկված  կուսակցությունները Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու են առանձին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի իր թեկնածուն՝ ի դեմս Հայկ Մարությանի, «Ելք»-ի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները առաջիկա ընտրություններում նախընտրելի տարբերակ են համարում «Ելք»-ի ձևաչափով հանդես գալը՝  առաջադրելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

    Արտակ Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում զբաղվելով արդեն քաղաքապետի թեկնածուի իր հոգսով՝ ընտրարշավ, հանդիպումներ, շտաբներ և այլն և այլն, վերջնականապես ձեռքերը կլվանա նախարարի իր պարտականությունների կատարումից, ինչն ավելի է խորացնելու ճգնաժամն այդ ոլորոտում։ Իսկ այն, անկասկած, հատկապես հիմա, ամենակարևորն է մեր պետության համար։

    Երբ բոլոր նախարարություններում փոխվում էին փոխնախարարներ, ՀՀԿ-ական կոռումպացված համակարգի ներկայացուցիչները հեռանում էին, հակառակ գործընթացը տեղի ունեցավ ԱՆ-ում։ Իրենց բոլոր պաշտոններին մնացին Սերժ Սարգսյանի կողմից նշանակված և հատուկ առաքելությամբ ԱՆ ուղարկված փոխնախարարները։

    Երբ նախարար Զեյնալյանին հարցրեցին, թե ինչու չեն ազատվում փոխնախարարները, նա պատասխանեց․ «Նրանք մնում են ապահովելու նախարարության աշխատանքների շարունակականությունը»։ Դժվար չէ կռահել, որ այդ «շարունակականությունը» ձեռնտու է Սերժ Սարգսյանին։

    Երբ նախարար Զեյնալյանը զբաղվի իր քարոզարշավով, բնական է, նախարարությունը կղեկավարեն փոխնախարարները, այսինքն նախարարությունը կգտնվի Սերժ Սարգսյանի հովանու ներքո և կգործի ճիշտ այն «շարունակականությամբ», որով առաջնորդվում էին հեղափոխությունից առաջ։

    Երկրում տեղի ունենալիք համապետական ընտրություններից առաջ արդարադատության ոլորտը վստահել և թողնել ՀՀԿ-ական փոխնախարարներին, կնշանակի դավաճանել այն հեղափոխությանն ու այն սկզբունքներին, որոնք որդեգրել է նոր կառավարությունը։ Այս ամենի ֆոնին պարտավոր ենք փաստել ամենակարևորը. Զեյնալյանը սրանով թիկունքից հարվածում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

    Կա ևս մի ուշագրավ փաստ, որը պարտավոր ենք արձանագրել: Մամուլում արդեն լուրեր են հրապարակվում այն մասին, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին սատարելու է «Հանրապետություն» կուսակցությանը: Ինչ է սա, եթե ոչ քաղաքական ժեստ: Եթե հաշվի առնենք, որ քաղաքականության մեջ պատահականություններ գրեթե չեն լինում, կնկատենք, որ նախարար Զեյնալյանն այս ամիսներին պահում էր այն գիծը, որը ձեռընտու էր ՀՀԿ-ին, դա հանցավոր համակարգում ոչ մի բարեփոխում չանելու քաղաքական գիծն էր, իսկ ՀՀԿ-ն հիմա, ընտրություններին Զեյնալայանին սատարելով, իր այսպես ասած շնորհակալությունն է հայտնում արդարադատության համակարգում իրենց «շարունակականությունը» ապահովելու համար:

    Այս հարցն ունի երկու լուծում. առաջին՝ Զեյնալյանը պետք է հրաժարական տա և թողնի, որ այդ համակարգում բարեփոխումներ  իրականացվեն, երկրորդ՝ այս ամենին պետք է ուշադրություն դարձնի Նիկոլ Փաշինյանն ու աշխատանքից ազատի Զեյնալյանին:

    Հարություն Մկրտչյան

    scroll to top