Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հաշվեքննիչ պալատը խոշոր չարաշահումներ է բացահայտել. տարեկան հաղորդում

    Հաշվեքննիչ պալատը խոշոր չարաշահումներ է բացահայտել. տարեկան հաղորդում

    Հաշվեքննիչ պալատը խոշոր չարաշահումներ է բացահայտել. տարեկան հաղորդում
    Մայիս 24, 2019 13:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2017թ-ին պետության կողմից ընդամենը 4 անձի վճարվել է թվով 267 թաղման նպաստ, որի գումարային արժեքը կազմել է 53.4 մլն  դրամ, ընդ որում՝ նրանցից միայն մեկը նույն տարվա ընթացքում ստացել է թվով 169 թաղման նպաստ: Այսպիսի և համանման բազմաթիվ խախտումներ, չարաշահումներ ու վատնումներ է բացահայտել Հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա պլանով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

    Հաշվեքննիչ պալատի հրապարակած տարեկան հաղորդման համաձայն՝ նախորդ տարի նախատեսված է եղել իրականացնել 25 հաշվեքննություն, որից 2-ը կասեցվել են՝ հաշվեքննության օբյեկտների կողմից հաշվեքննողների օրինական պահանջների կատարման անհնարինության հիմքով, 19-ը ավատվել են, իսկ մնացած 4-ը դեռևս ընթացքի մեջ են:

    Առավել ուշագրավ և մեծամասշտաբ անհամապատասխանություններ ու խախտումներ հայտնաբերվել են Սոցիալական ապահովության պետական ծառայության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Ջրային կոմիտեի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի և մի շարք այլ հաշվեքննությունների ընթացքում:

    Օրինակ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հայտարարծ մցույթում մերժվել է նվազագույն գին առաջարկած մասնակցի 119 մլն դրամով պակաս հայտը, փոխարենը մրցույթում հաղթել է 353.9 մլն դրամ առաջարկած հայտատուն: Բիգ Էներգո ՍՊԸ-ին օրենսդրության պահանջներին ոչ համապատասխան շնորհվել է մի շարք ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ 224 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Սակայն Բիգ Էներգո ՍՊԸ-ն անմիջապես հետո առանց պայմանագրով նախատեսվող հիմքերի 173 մլն դրամի չափով կնքել է ենթակապալի պայմանագրեր։ Փաստորեն, միջնորդավորված գնման արդյունքում ընկերության հասանելիքը կազմել է 51 մլն դրամ։ Նշվածներից զատ բազմաթիվ խախտումներ և անհամապատասխանություններ են բացահայտվել նախարարության կողմից կապալառուների հետ կնքված այլ պայմանագրերում։

    Երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին 2017թ-ին կանխիկ եղանակով փաստացի վճարվել է 619.1 մլն դրամ, այն դեպքում, երբ այդ ընթացքում տվյալ անձինք երկրում չեն եղել և այլ անձի լիազորագիր չեն տվել։ Բացի այդ՝ Հայփոստի միջոցով վճարվել է 178.8 մլրդ դրամի չափով (60%) կենսաթոշակ, իսկ բանկերի միջոցով՝ 119.8 մլրդ դրամի չափով (40%)։ Այդ ծառայությունների դիմաց պետությունը Հայփոստին վճարել է 1.5 մլրդ դրամ, իսկ բանկերին՝ 80 մլն դրամ միջնորդավճար։ Հայփոստի միջնորդավճարի մեծության չափը որևէ կերպ չի հիմնավորվում։

    Խոշոր բացահայտումներ են իրականացվել նաև այլ ոլորտներում՝ օդային բեռնափոխադրումների, ջրային տնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության և այլն:

    ՀՊ հաղորդման համաձայն՝ հարուցվել է 7 քրեական գործ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր առմամբ 1.379.354.000 ՀՀ դրամի վնաս պատճառելու և պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այլ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու հանցավոր արարքների համար:


    Նման թեմաներ

    scroll to top