Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Հայ մասնագետները չեն զիջում համաշխարհային բրենդներում աշխատող մասնագետներին

    Հայ մասնագետները չեն զիջում համաշխարհային բրենդներում աշխատող մասնագետներին

    Հոկտեմբեր 13, 2017 11:45 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    BBF733FB-C120-4F38-B2F4-70E1F1EF3130_w1023_r1_s

    Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր սրընթաց զարգացում են ապրում աշխարհում: Հայաստանը ևս անմասն չէ այս գործընթացից, ուր ՏՏ-ները տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկն են. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

    Հայաստանի վարչապետի խոսքով` 2008-2016 թվականներին Հայաստանում այս ոլորտը գրանցել է ավելի քան 20 տոկոսանոց աճ, որը, ըստ վարչապետի, կարևոր նախապայման է այս ասպարեզում տարածաշրջանային կենտրոն դառնալու համար:

    Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով մեծ աշխատանքներ են տարվում, նշում է «Մայքրոսոֆթի» Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը, ով ներկայացրեց համաշխարհային այս բրենդի ծավալած գործունեությունը Հայաստանում:

    «Մեր հիմնական թիրախը կորպորատիվ սեգմենտն է ու գործարարները»,- ասում է Կորկոտյանը:

    Նրա խոսքով` Հայաստանում ավելի ու ավելի նկատելի է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ գործարար միջավայրի վերաբերմունքի փոփոխությունը:

    «Ուրախալի է, որ շատ բիզնեսներ սկսել են գիտակցել ՏՏ անհրաժեշտությունը և չեն դիտարկում այն որպես ուղակի մի ծախս»,-ասում է Կորկոտյանը:

    Գրասենյակի տնօրենի խոսքով` կարևոր մարտահրավերներից է անցումը դեպի թվայնացում, գործընթաց, որը առնչվում է ոչ միայն ՏՏ ոլորտին, այլ նաև բազմաթիվ այլ ասպարեզների հետ՝ դրականորեն ազդելով ոլորտի արդյունավետության վրա:

    «Մայքրոսոֆթ»-ի հիմնական գործառույթներից մեկն էլ գործարարներին օգնելն է կիրառելու արդի տեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարձրացնեն դրանց արդյունավետությունն ու եկամուտը:

    «Կարող է մի պահ թվալ, որ Հայաստանում թվային տրանսֆորմացիա տեղի չի ունենում, և այն զիջում է բազմաթիվ այլ զարգացած երկրներին, սակայն դա այդպես չէ»,- նշում է «Մայքրոսոֆթի» գրասենյակի տնօրենը:

    Իսկ այն հարցին, թե որքանով են տեղեկատվական տեխնոլոգիաները համաչափ զարգանում երկրում, Լիանա Կորկոտյանը նշում է, որ անշուշտ մայրաքաղաքից դուրս այս առումով առկա են խնդիրներ, սակայն իրավիճակը գնալով փոփոխվում է, և դրա վառ օրինակներն են

    Հայաստանի մյուս երկու խոշոր քաղաքներում՝ Վանաձորում և Գյումրիում, այս ոլորտի զարգացման գրանցումը:

    «Այսօր Գյումրին և Վանաձորը ոչնչով չեն զիջում Երևանին: ՏՏ կենտրոններ են բացվել ինչպես Գյումրիում, այնպես էլ՝ Վանաձորում»,- ասում է Կորկոտյանը:

    Որպես խոշոր ընկերություն, «Մայքրոսոֆթ Հայաստանն» ակտիվորեն ներգրավված է մի շարք սոցիալական ոլորտներում, ներառյալ կրթության ոլորտում, ուր սերտորեն համագործակցում է կրթության նախարարության և դպրոցների տնօրենների հետ՝ մեծացնելով իրազեկությունն իր գործունեության և այս ոլորտին առնչվող հարցերի մասին:

    Իրազեկության մեծացումը Հայաստանում ընկերության գերխնդիրներից մեկն է, ասում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը: Այս առումով ընկերությունը հատկապես մեծ տեղ է տալիս արտոնագրված ծրագրերի օգտագործմանը, քանի որ, ըստ ընկերության գրասենյակի ղեկավարի, հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում, թե ինչ ռիսկեր է պարունակում ոչ արտոնագրված ծրագրի ներբեռնումը:

    «Մարդիկ չեն գիտակցում, որ խախտում են օրենքը և ոչ արտոնագրված ծրագրով վտանգի տակ են դնում համակարգչում ունեցած իրենց տեղեկությունները»,- ընդգծում է Կորկոտյանը:

    Միևնույն ժամանակ երիտասարդ սերնդի տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման հարցում Լիանա Կորկոտյանը գտնում է, որ այս ոլորտում Հայաստանի մասնագետները ոչնչով չեն զիջում համաշխարհային բրենդերում աշխատող մասնագետներին:

    Նման թեմաներ

    scroll to top