Շաբաթ , 20 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    11°
    Home » Լուրեր » Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին

    Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին

    Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին
    Մայիս 14, 2018 11:45 Լուրեր A+ / A-

    32402304_1756635171066071_8391751529513615360_n 32407144_1756635391066049_394933804919160832_n

    Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Пространство юных» մրցույթ-փառատոնին: Բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցույթի շրջանակում պատանիները մասնակցության դիպլոմ են ստացել, ինչպես նաև արժանացել երկու հատուկ մրցանակի: Մրցույթ-փառատոնն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում: Հայ պատանիների մասնակցությունն իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի:

    «Մեր մշակութային կենտրոնն արդեն երեք տարի կազմակերպում է նկաչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնը, որին մասնակցում են մանկապատանեկան խմբեր, տարբեր կենտրոնների երեխաներ: «Էտյուդ»-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր մշակութային կառույցների, փառատոների հետ: Մեր գործընկեր, «Пространство юных» մրցույթ-փառատոնի նախագահ Մաքսիմ Կորենի հրավերով Մասիսի թատերական ստուդիան (ղեկավար՝ Արշակ Զաքարյան) հանդես եկավ Սոչիում»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան): Նրա խոսքով՝ մրցույթի ժյուրիի կազմում պրոֆեսիոնալ մասնագետներ էին տարբեր քաղաքներից, իսկ ժյուրիի նախագահն էր ռեժիսոր, Կոնստանտին Ռայկինի ղեկավարած Բեմարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Շենտալինսկին: Ռոլանդ Ռեյի խոսքով՝ շուտով «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնին մասնակցած մյուս խմբերը նույնպես հանդես են գալու այլ երկրներում, ինչը շատ կարևոր խթան է հայաստանյան խմբերի համար: Առաջիկայում երկու խումբ հանդես կգա Վրաստանում և Բուլղարիայում:

    Նշենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի նպատակն է հայտնաբերել և հարթակ տրամադրել նկաչության, ասմունքի և թատերական արվեստի ոլորտների շնորհալի երեխաներին ու պատանիներին: Այն հիմնադրվել է 2016 թ.-ին: «Այս տարվանից որոշել ենք փորձել մրցույթ-փառատոնն անցկացնել տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը՝ հաշվի առնելով «Էտյուդ»-ի նկատմամբ մեծ հետաքրքրությունհը և այն փաստը, որ շատ մասնակիցներ ունենք»,-հավելեց Ռոլանդ Ռեյը: Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:

    Նման թեմաներ

    scroll to top