Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է. Բաթոյան

    Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է. Բաթոյան

    Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է. Բաթոյան
    Ապրիլ 23, 2019 20:12 Լուրեր A+ / A-

    Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն։ Այս մասին  այսօր՝ ապրիլի 23-ին, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

    «Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, քանի որ մեր կողմից մշակվող ռազմավարությունների, ծրագրերի արդյունավետությունը կախված է նաև ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկեր կազմակերպությունների կողմից վերհանված խնդիրների հավաքագրումից և նրանց լավագույն փորձի տեղայնացումից»,–նշել է նա:

    Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության, զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ.

    «Ուրախ եմ նշել, որ մեր մտահոգություններն ու տարվող աշխատանքները մեզ հետ կիսում է ողջ կառավարությունը: Դրա օրինակը տարբեր միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծումն է, որոնց ակտիվ գործունեությունը լավագույն արդյունքի գրավականներից մեկն է: Մեզ համար կարևոր է, որ մեր ծրագրերը կարող ենք ներկայացնել ամենաբարձր մակարդակում՝ ակնկալելով Կառավարությունում աշխատող մեր գործընկերների աջակցությունը»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

    Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թվականից՝ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով: Վերջին 15 տարիներին առաքելության մանդատը զգալիորեն փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության ոլորտում առկա բոլոր խնդիրները այս կամ այն կերպ առնչվում են միգրացիոն հարցերին: Մեր ուսումնասիրությունները և վիճակագրական տվյալները փաստում են, որ միգրացիոն հոսքերի շուրջ 90 %-ը կապված են զբաղվածության հետ: Աշխատանքային միգրացիայի դեպքում՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը լուրջ խնդիրներ է առաջացնում»։

    Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը աշխարհի ավելի քան 20 երկրներում իրականացնում է ինքնակամ վերադարձի աջակցության ծրագիր: Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը, ըստ ՄՄԿ-ի, միջինում կազմել է 150-200 մարդ՝ տարեկան, սակայն վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1800 մարդու.

    «Ինքնակամ վերադարձի դեպքում ևս գլխավոր հարցը մնում է զբաղվածության խնդիրը: Վերաինտեգրումը չափազանց կարևոր և ցավոտ հարց է այն միգրանտների համար, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիք»,- ասել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:


    Նման թեմաներ

    scroll to top