Գլխավոր Լուրեր Հայաստան տեղափոխվելու ցանկություն չունեմ, վախենում եմ՝ կախարդանքը կկորչի (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստան տեղափոխվելու ցանկություն չունեմ, վախենում եմ՝ կախարդանքը կկորչի (լուսանկարներ, տեսանյութ)

10
0

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը հայ հանրությանը հայտնի դարձավ «Գոլոս» նախագծում, ապա նաև ռուսատաբնակ  հայ երգչուհի Արծվիկի հետ զուգերգով:

Araratnews.am-ը զրուցել է հայ հանդիսատեսի կողմից սիրված, Ռուսաստանում բնակվող  երգչուհի Մարգարիտա Պոզոյանի հետ:

Մարգարիտա, նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ:

-Ես մեծ ուրախությամբ եմ հարցազրույց տալիս Ձեզ: Ուզում եմ Հայաստանում ապրող իմ ունկնդիրներն ինձ լավ ճանաչեն:

պոզոյան1

-Հիմա  ամառային հանգստի շրջան է: Նկատեցի «Ինստագրամի» ձեր էջում  լուսանկարներ Հունաստանից: Նախընտրո՞ւմ եք ծովային հանգիստը:

-Այո,  ես որոշ ժամանակ առաջ եմ վերադարձել Հունաստանից: Տարվա մեջ մեկ անգամ պետք է ծովի կամ օվկիանոսի ափին մոտ լինեմ: Բայց այս տարի ինձ հետաքրքրեց հանգիստը լեռնային գոտում եւ լեռնադահուկային սպորտը: Բայց շոգն ինձ համար ավելի տանելի է, քան ցուրտը: Հիմա ես Իսպանիայում եմ՝ համերգների, այնպես որ կհասցնեմ նաև Իսպանիայում հանգստանալ:

պոզոյան3

-Նոր տեսահոլովակի, երգի,համերգի մտահղացում կա՞ never say no երգից հետո:


-Ստեղծագործելը չընդհատվող գործընթաց է: Այնպես որ գաղափարներ միշտ կան (ժպտում է-հեղ.):  Հիմա նոր երգի համար եմ աշխատում: Պրեմիերան կլինի սեպտեմբերին: Երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի: Դրանից հետո կլինի եւս 2  ռուսալեզու եւ մեկ հայկական երգ: Դե անգլիալեզու շատ երգեր էլ հերթով կհնչեն:

պոզոյան4

-Մարգարիտա՛, Դուք դժվար ճանապարհ եք անցել: Ձեր հայրն անժամանակ մահացել է, մայրն օրնիբուն աշխատել է,  դուք էլ տնային գործերով եք զբաղվել: Հետաքրքիր է՝ շոուբիզնեսում եւս դժվա՞ր է ինքնահաստատվել՝ առանց  հովանավորների, թիկունքի: Ընդհանրապես հովանավորներին շոուբիզնեսում ինչպե՞ս եք վերաբերվում: 

-Երբեք հովանավորներ չեմ ունեցել կամ նրանց, ովքեր կարող էին իմ՝ արտիստի  փոխարեն պատասխանատու լինել: Միշտ ամեն ինչ արել եմ միայնակ: Պրոդյուսերական աշխատանքն աստիճանաբար ետին պլան է մղվում, եւ արտիստներն ինքնուրույն կարողանում են գլուխ հանել, բայց  ոչ մենակ. թիմ եւ ֆինանսավորում ունենալը կարևոր է: Մեր աշխատանքի նյութական կողմը երբեք չի փոխվում՝ երգի ստեղծում,  գործիքավորում, տեսահոլովակ, համերգային հագուստ, թիմակիցներ, երաժիշտներ՝ այս ամենի համար գումար է պետք: Այնպես որ մեկենասի հովանավորությունից չէի  հրաժարվի:

 

-Ինչպե՞ս եք ընտրում  երգահաններին:  Հեղինակները հե՞շտ են աշխատում Ձեզ հետ:  Երգն ընտրելիս ո՞րն է Ձեզ համար ամենակարևորը:

-Քանի որ երգերիս մեծ մասը ես եմ գրում, բավական գումար եմ խնայում: Բացառություն է մի քանի զուգերգ: Իսկ ընդհանրապես հազվադեպ եմ լինում երգի համահեղինակ: Երգը պետք է արտացոլի իմ զգացմունքները, այնքան գեղեցիկ լինի, որ  մարմինդ փշաքաղվի: Մինչ օրս այդպիսի երգ ուրիշի  երաժշտական պահոցում չեմ գտել: Այդ պատճառով էլ  ինքս եմ գրում երգերը եւ բացարձակ անկեղծ եմ իմ ունկնդիրների հետ:

պոզոյան2

Իսկ այլ արտիստների համար երգե՞ր գրում եք:

-Երգերիցս դժվար եմ բաժանվում: Դրանք ինձ հարազատ: Առայժմ չեմ գրում այլ երգիչների համար: Բայց արդեն հասկանում եմ, որ կարող եմ նաև այլոց համար երգ գրել:

-Երգիչները հաճախ են հաշվի առնում հանրության պահանջարկը մեծ գումարներ աշխատելու համար: Հանրության պահանջն ու արվեստը կարո՞ղ են համատեղվե՞լ:

-Իմ ստեղծագործական գործունեության մեջ դժվար է հաշվի առնել հանրության ճաշակը, քանի որ ռուսական, հատկապես հետխորհրդային երաժշտական մտածողությունն ինձ խորթ է: Ինձ հարազատ է արեւմտյան երաժշտական մշակույթը: Ես չեմ հետեւում հանրության պահանջին: Փորձում եմ իմ ունկնդրի համար նոր երանգ ստեղծել: Միևնույնն է, բոլորին սիրելի չես լինի, բայց ինքդ քեզ համար սիրելի լինել, չամաչել այն երաժշտությունից, որը նախ եւ առաջ  գրում ես քեզ համար:

-Դուք զուգերգեր կարծես թե սիրում եք, բայց ինչպես մի առիթով եք ասել՝ ֆանատիզմի չի հասնում այդ սերը: Ջոն Լեջենդի հետ զուգերգ կատարելու Ձեր երազանքի մասին չենք մոռացել: Նոր զուգերգով հանդես կգա՞ք առաջիկայում:

-Իմ երգացանկում կան զուգերգեր ռուս հրաշալի արտիստների  հետ: Կարծում եմ՝ առայժմ կարելի է դադար տալ: Հիմա հետեւում եմ արտասահմանյան արտիստներին:  Ջոն Լեջենդի հետ, այո, ցանկանում եմ երգել:

-Համաշխարհային հայտնի երգիչներից ո՞վ է ազդել ձեզ վրա՝ որպես արտիստ: Դե Քրիստինա Ագիլերայի մասին գիտենք: Ինչպես գրել էիք «Ինստագրամի» ձեր էջում, նա ձեր ընտանիքի մի մասն է: 

-Նրանք շատ են: Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել Ուիթնի Հյուսթոնը, Շերը, Մրայա Քերին, Մայքլ Ջեքսոնը, Բեոնսեն, Սելին Դիոնը, Լարա Ֆաբիանը, Ալիշա Քիզը, Սթիվի Ուանդերը, Անաստեյշան,  Լարիսա Դոլինան, Յուլիա Նաչալովան: Ցանկը կարող եմ լրացնել: Ես մինչ օրս ոգեշնչվում, եռանդով եմ լցվում այդ մարդկանց համերգներին մասնակցելիս, տեսնելով նրանց աշխատանքը:

-Հարցազրույցներից մեկում ասել եք՝ սիրում եք Հայաստանը, նրա բնությունը, մարդկանց:  Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել եւ ապրել Հայաստանում:

Պոզոյան

-Ես բազում անգամ եմ սեր խոստովանել Հայաստանի, նրա մշակույթի, նրա բնության ու պատմության հանդեպ: Այդ խոստովանությունը բացարձակ ճշմարտություն է: Հայաստանն այն  վայրն է, որտեղ ուզում ես միշտ վերադառնալ, ոգեշնչվել, էներգիայով լցվել: Բայց Հայաստան տեղափոխվելու, ապրելու ցանկություն չունեմ: Վախենում եմ՝ կկորչի այն կախարդանքը, որն ամեն անգամ ինձ ձգում է իմ պատմական հայրենիքը:

-Հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում Հայաստանում հատկապես անցյալ տարի՝ թավշյա հեղափոխություն, նոր իշխանություն…

-Սկզբունքորեն հեռու եմ քաղաքականությունից: Հետեւում եմ իրադարձություններին, բայց միանգամից կարծիքս չեմ ասում, քանի որ ամբողջ ճշմարտությունը չգիտենք: Իսկ ինչ-որ մեկի կարծիքին հենվելը ճիշտ չէ:

Ձեր հայկական ծագումն  արտացոլվում է ստեղծագործական ձեր գործունեության մեջ:

Իմ հայկական արմատներն ազդում եմ իմ վարքի, իմ ապրելակերպի, իմ սկզբունքների  եւ իմ ստեղծագործական կյանքի վրա: «Сестра по духу»  երգը դարձավ տուրքը իմ ազգին: Եւ սա դեռ սկիզբն է: Պլանավորում եմ հայերեն մի շարք հին երգերի նորովի մեկնաբանություն եւ հեղինակային երգերի թողարկում:

-Լրագրողները համառորեն ցանկանում էին իմանալ Մարգարիտա Պոզոյանի կյանքի ուղեկցի անունը: Դուք  լռում էիք: Հիմա այս հարցն ակտուա՞լ է: Ի վերջո, ո՞վ է Ձեր ընտրյալը: 

-Կարծում եմ մինչեւ չամուսնանամ,  անձնական կյանքին վերաբերող հարցերը կլինեն ակտուալ: Հիմա ես ազատ եմ: Չեմ կարող ասել, որ կյանքի ուղեկցի եմ փնտրում: Այժմ ամբողջությամբ նվիրված եմ կարիերային ու իմ ստեղծագործական իմ կյանքին: Բայց ընտանիքը կարիերային չի խանգարում: Ես երազում եմ  ունենալ գեղեցիկ, առողջ եւ երջանիկ ընտանիք:

պոզոյան5

 

Լուսանկարները՝ երգչուհու «Ինստագրամի» էջից:

Սոնա Դավթյան