Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

    Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

    Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
    Ապրիլ 24, 2019 10:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

    Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և կառավարության անդամներ: ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին ուղեկցում էին նրանց կանայք:
    Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

    Անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:

    Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

    Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները՝ որպես նախապես ծրագրված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են երկու տասնյակից ավելի պետություններ, միջազգային կառույցներ:

     


    scroll to top