Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Հայաստանի դեղերի շուկայում թանկացումներ կլինե՞ն (տեսանյութ)

Հայաստանի դեղերի շուկայում թանկացումներ կլինե՞ն (տեսանյութ)

Դեկտեմբեր 6, 2017 14:18 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

ԵԱՏՄ-ին միանալը հայաստանյան դեղարտադրության ոլորտի վրա լավ ազդեցություն չի ունեցել, հակառակը՝ ավելի վատ, և որոշակի խոչընդոտներ են առաջացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը` անդրադառնալով դեղերի շուկայում առկա խնդիրներին:

«Որո՞նք են այդ խոչընդոտները. օրինակ՝ մենք երբեք խնդիր չենք ունեցել մեր արտադրանքը արտահանել  Ռուսաստան, և 52 տոկոսն արտահանվում էր այնտեղ: Հիմա օրենսդրական նոր փոփոխությունների պատճառով Ռուսաստանը մեր հայկական արտադրության դեղերը իր երկիր ներմուծելու համար պահանջում է, որ կլինիկական հետազոտություններն անցկացվեն ՌԴ-ում ռուսաստանյան կազմակերպության կողմից, իսկ մենք ուզում ենք, որ այն իրականացվի Հայաստանում, որովհետև այնտեղ հետազոտություններ կազմակերպելը բավականին բարդ ու թանկ միջոցառումներ են»,-նշեց բանախոսը:

Հաջորդ խնդիրն էլ հայաստանյան դեղերի ոչ մրցունակ լինելն է, որն էլ հաճախ բերում է գների թանկացման. «Մեր դեղարտադրության մասին օրենքները համապատասխանում են GMP բարձրագույն ստանդարտներին, և նախկին Սովետական Միության երկրներից միայն Հայաստանն է, որ ունի դա: Այդ ստանդարտներն էլ պահանջում են որոշակի ստանդարտներին համապատասխանող դեղահումքից պատրաստված դեղամիջոցներ: Դա նշանակում է, որ արտադրության ամենասկզբից մինչև վերջին փուլը ամեն  ինչ  արվում է մաքուր և բարձր որակի: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը նմանատիպ ստանդարտներ չունեն, որն էլ արտադրության ժամանակ բերում է դեղերի որոշակի բաղադրիչների թանկացման: Մենք նաև դեղահումքի համար ներմուծելիս 20 տոկոս ԱԱՀ ունենք, իսկ դեղահումքի 95 տոկոսը  Հայաստան ներմուծվում է արտասահմանից: ԱԱՀ-ն, օրինակ՝ Ռուսաստանում 12 տոկոս է, Ղազախստանում, Բելառուսում ընդհանրապես չկա: Հիմա ստացվում է, որ մեր արտադրանքը որակով է, 20 տոկոս ԱԱՀ ենք տալիս, ու անմրցունակ է դառնում ինքնարժեքի հաշվին»:

ԱԱՀ-ի խնդրով դեղարտադրողները դիմել են ՀՀ վարչապետին, վստահեցնելով, որ եթե հանվի այդ 20 տոկոսը, իրենք էլ կիջեցնեն դեղերի գները, բայց բացասական պատասխան են ստացել, այն պատճառաբանությամբ, որ երաշխիք չկա, թե բոլոր դեղարտադրողները և դեղատները կիջեցնեն գները և ավելի մեծ շահույթներ չեն ստանա. «Հիմա մենք մի քանի մասնավոր ներմուծողներով, դեղարտադրողներով և դեղատներով որոշել ենք շարժում սկսել, փաստաթուղթ ստորագրել, որ եթե 20 տոկոս ԱԱՀ-ն հանվի, դեղերի գները զգալի կնվազեն»:

Ինչ վերաբերում է հարցին՝ 2018 թվականին ինչ է սպասում սպառողներին՝ դեղերը թանկանալո՞ւ են, թե՞ էժանանալու, Սամվել Զաքարյանը նշեց. «Գների բարձրացում չի սպասվում, ոչ մի հանգամանք չկա դրա համար, հակառակը` մենք բարեփոխումների համար առաջարկ ենք ներկայացրեց կառավարություն»:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նման թեմաներ

scroll to top