Գլխավոր Լուրեր Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

2
0

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

Զրուցակիցները ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Հայաստանի և Խորվաթիայի ԱԳՆ ղեկավարներն արձանագրեցին Եվրոպայի խորհրդի՝ որպես ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված համաեվրոպական հարթակի արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ միասնական քայլերի ձեռնարկման կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթությունները:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում նաև Եվրամիության անդամ երկրների հետ:

Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: