Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը. ՀԱԿ

    Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը. ՀԱԿ

    Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը. ՀԱԿ
    Ապրիլ 17, 2018 20:47 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել վերջին իրադարձությունների հետ կապված։ «Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարների բողոքի ներքո:

    Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, եւ որը Հայաստանի ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում է որպես բռնապետությունը հավերժացնելու անթաքույց փորձ:

    Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձեւավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որեւէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջեւ եւ ազգային շահերը սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պաշտպանունակությունը, ինչը հատկապես վտանգավոր է արտաքին ծանրագույն մարտահրավերների պայմաններում:

    Նման պայմաններում բնական է հանրության եւ հատկապես երիտասարդության ընդվզումը, ով որեւէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար:

    Այս վիճակում պահանջում ենք իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակցների նկատմամբ ապօրինի բռնություններից եւ հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաեւ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի եւ առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը:

    Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը եւ պայքարը հանուն ժողովրդավարության հետեւողականորեն շարունակվելու է մինչեւ վերջնական հաղթանակ»,- ասվում է հայտարարության մեջ:

    Նման թեմաներ

    scroll to top