Այսօր հրապարակվել է Հայաստանում Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կայունության ինդեքսը: Զեկույցում նշվում է, որ ՔՀԿ օրենսդրության մեջ 2013 թ. ակնկալվող փոփոխություններ տեղի չունեցան, բայց համապատասխան քաղաքականություն, հայեցակարգերի քննարկման և ձևակերպման գործընթացում առաջընթաց գրանցվեց:
2013 թ. Հայաստանում անցկացվեցին նախագահական և Երևանի ավագանու ընտրություններ: Նախագահական ընտրություններին հետևեցին ընտրակեղծիքների և ներկա իշխանության դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիաներ: Մեկ ամսից ավել տևած ցույցերից հետո բողոքի թափը թուլացավ: Մեկ այլ նշանակալի իրադարձություն էր ՀՀ նախագահի որոշումը` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, չնայած Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագրերի ուղղությամբ տարված տարիների աշխատանքին,- նշվում է զեկույցում:
Ըստ զեկույցում հրապարակված տեղեկության, 2013թ. բարելավվեց ՔՀԿ-ների՝ շահերի պաշտպանության գործունեությունը: Այս ոլորտում հատկապես տեղին էին ոչ ֆորմալ խմբերը, որոնք ընդդիմացան անբարենպաստ պետական այնպիսի որոշումներին, ինչպիսին էր, օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունումը: Գրանցված ՔՀԿ-ները և ՔՀԿ-ների ցանցերը նույնպես մեծ հաջողություններ ունեցան հանրային քաղաքականության և որոշումների մեջ ներդրում ունենալու առումով, իսկ ՔՀԿ- կառավարություն համագործակցության մեխանիզմները ավելի արդյունավետ են դարձել:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տվյալների, Հայաստանում 2013 թ. հոկտեմբերի դրությամբ գրանցված էին 3783 ՀԿ, 824 հիմնադրամ և 287 իրավաբանական անձանց միություն: Նախորդ տարվա դրությամբ աննշան աճ է գրանցվել հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և փոքր նվազում` իրավաբանական անձի միությունների թվաքանակում: Փորձագիտական գնահատականների համաձայն` գրանցված կազմակերպությունների միայն 15-20 %-ն է ակտիվ գործում: