Գլխավոր Լուրեր Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում....

Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ

13
0

Վաղ մանկական կրթության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին գլոբալ զեկույցը փաստում է, որ այս ոլորտին ուղղվող ներդրումներն անբավարար են: Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ կազմելով աշխարհում նախադպրոցական կրթություն չստացող 175 մլն երեխաների մի մասը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում նշվում է, որ այն երկրները, որտեղ երեխաների մեծ մասը նախադպրոցական կրթություն չի ստանում, կորցնում են շահավետ ներդրում կատարելու հնարավորությունը, որը խորացնում է անհավասարությունը հասարակության շրջանում: Օրինակ, ցածր եկամուտ ունեցող երկրներում 10 երեխայից միայն երկուսն են մանկապարտեզ հաճախում:

Համեմատության համար ասենք, որ Հայաստանի գյուղերում այս ցուցանիշը նույնն է: Չնայած քաղաքներում իրավիճակ մի փոքր ավելի լավ է, սակայն այստեղ նույնպես երեխաների մեծամասնությունը մանկապարտեզ չի հաճախում (քաղաքներում տասը երեխայից 4-ն է հաճախում): Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մանկապարտեզ չհաճախելու հիմնական պատճառներ են. երեխայի մոր չաշխատելը` 53%, մանկապարտեզի բացակայությունը` 28%, այդ ծառայության թանկ լինելը` 4%:

«Նախադպրոցական կրթությունը հանրակրթության առաջին աստիճանն է և մեր երեխաների կրթության հիմքը. կրթության յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հիմնվում է նախադպրոցական կրթության հաջողության վրա»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: «Մինչդեռ աշխարհում, նաև Հայաստանում շատ ու շատ երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու  հնարավորություն չունեն, ինչի պատճառով մեծանում է հավանականությունը, որ այս երեխաներն ավելի ցածր առաջադիմություն կունենան դպրոցում, կհայտնվեն դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ կամ կմնան ավելի հաջողակ հասակակիցների ստվերում»:

Նախադպրոցական կրթության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին «Սովորելուն պատրաստ աշխարհ՝ առաջնահերթությունը տալով որակյալ նախադպրոցական կրթությանը» զեկույցը փաստում է, որ նույնիսկ ընդամենը մեկ տարի նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հավանական է` ձեռք բերեն քննադատական հմտություններ ու քիչ հավանական է՝ ցածր առաջադիմություն ունենան ու դպրոցից դուրս մնան: Ուստի, այս երեխաները ավելի խաղաղ ու զարգացող հասարակություն կձևավորեն հետագայում: Նախադպրոցական կրթություն ստացող երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ հաջողեն մաթեմատիկայում և այլ առարկաներում, քան այս կրթությունը բաց թողող երեխաները: Այն երկրներում, որտեղ ավելի շատ երեխաներ են հաճախում նախադպրոցական հաստատություններ, նաև ավելի շատ երեխաներ են հաջողությամբ ավարտում տարրական կրթությունը՝ ստանալով նվազագույն անհրաժեշտ մաթեմատիկական և լեզվական գիտելիքներ:

Վերոնշյալ զեկույցը փաստում է, որ ընդհանուր առմամբ աշխարհում երեխայի՝ նախադպրոցական հաստատություն չհաճախելու հիմնական պատճառներն են աղքատությունը, երեխայի մոր կրթական մակարդակը և երեխայի բնակության վայրի աշխարհագրական դիրքը: Բնականաբար, գերակշռող պատճառը աղքատությունն է: Ծանոթացե՛ք զեկույցի այլ հիմնական բացահայտումներին ստորև.

  • Աղքատության դերը: Զեկույցում ներգրավված 64 երկրների ցուցանիշներից պարզ է դառնում, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաները 7 անգամ ավելի քիչ հավանական է, որ մանկապարտեզ հաճախեն: Իսկ որոշ երկրներում հարստության և աղքատության միջև անջրպետն ավելի ակնհայտ է: Հայաստանում, օրինակ, ծայրահեղ աղքատության մեջ ապրող բնակիչների 9.8 տոկոսը պատասխանել է, որ մոտակա նախադպրոցական հաստատությունը գտնվում է ավելի քան 10 կմ հեռավորության վրա կամ այն շատ  թանկ է: Իսկ ըստ 2017 թ. բազմաչափ աղքատության ցուցանիշների՝ գյուղական բնակավայրերում երեխաների 22 տոկոսը զրկված է նախադպրոցական կրթությունից, իսկ քաղաքային բնակավայրերում այս ցուցանիշը 17 տոկոս է:
  • Հակամարտությունների ազդեցությունը: Ընդհանուր առմամբ հակամարտություններից տուժած 33 երկրում ապրող նախադպրոցական տարիքի երեխաների ավելի քան 2/3 մանկապարտեզ չի հաճախում: Մինչդեռ հենց այս երեխաների համար նախադպրոցական կրթությունը մեծագույն կարևորություն ունի: Նախադպրոցական կրթությունն օգնում է հաղթահարել տրավմաները՝ անվտանգ մի տարածք տրամադրելով, որտեղ երեխաներն ապահով են ու կարող են սովորել, խաղալ ու արտահայտել իրենց էմոցիաները:
  • Կրթական ձեռքբերումների շղթան: Միջնակարգ կրթություն ունեցող մայրիկների երեխաները գրեթե 5 անգամ ավելի հավանական է, որ մանկապարտեզ հաճախեն, քան միայն տարրական կրթություն ունեցող մայրիկների երեխաները:

Նախադպրոցական կրթությանն ուղղված անբավարար ներդրումները բացասաբար են ազդում ծառայությունների որակի վրա՝ արտահայտվելով ենթակառուցվածքների, ուսումնադիդակտիկ նյութերի, խաղերի, ինչպես նաև վերապատրաստված դաստիարակների սղությամբ:

«Եթե այսօրվա կառավարությունները վաղվա տնտեսության համար մրցունակ աշխատուժ են ուզում ունենալ, ապա պետք է սկսել հենց նախադպրոցական կրթությունից»,- ասում է Ալվարդ Պողոսյանը: «Եթե ուզում ենք մեր երեխաներին հաջողակ տեսնել ապագայում, ապա ղեկավարները պետք է առաջնահերթություն տան ու համապատասխան ռեսուրսներ տրամադրեն նախադպրոցական կրթությանը»:

ՅՈՒՆԻՍԵՖ ը կոչ է անում կառավարություններին պարտադիր  դարձնել  առնվազն   մեկ տարին ախադպրոցական  կրթությունը    յուրաքանչյուր երեխայի ու  հատկապես ամենախոցելի խմբերի երեխաների համար: Իսկ սա իրականությունդարձնելու համար կառավարությունները պետք է երկրի  կրթությանն ուղղված բյուջեի նվազագույնը   10 տոկոսն ուղղեն նախադպրոցական  կրթության  ֆինանսավորմանը՝   ներդրումներ կատարելով դաստիարակների,  որակյալ ստանդարտների մշակման և ծառայության հասանելիությունն ապահովելու համար: