Գլխավոր Լուրեր Հայաստանում ներդրվելու է նոր տրանսպորտային ցանց. Ինչպիսի՞ն կլինի այն

Հայաստանում ներդրվելու է նոր տրանսպորտային ցանց. Ինչպիսի՞ն կլինի այն

1
0

Լեփ-լեցուն երթուղայիններ, հրմշտոց,  կանգառներում սպասող մարդիկ…Սա պատկեր է, որին քաղաքացիներս ամեն օր ենք բախվում: Ինչպե՞ս լուծել տրանսպորտային հիմնախնդիրները: Այս հարցը տարիներ շարունակ քննարկման առարկա է դարձել, ընդգրկվել նախընտրական ծրագրերում, առաջարկվել են լուծումներ, որոնք, սակայն, այդպես էլ չեն գործել ու սայլը տեղից չի շարժվել: Այսօր կառավարությունը տրանսպորտային հիմնախնդիրների լուծման նոր ծրագիր ունի: Նախատեսվում է, որ շուտով կներդրվեն միասնական տրանսպորտի նոր ցանցեր եւ միջքաղաքային, եւ ներքաղաքային տրանսպորտի համար:  Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում կազմակերպված հերթական քննարկումը տրանսպորտային հիմնախնդիրներին էր վերաբերում:

Մայրաքաղաքը նոր տրանսպորտային ցանց  կսպասարկի: Ե՞րբ՝ հստակ չէ: Ժամկետներ չեն նշում, բայց խոստանում են նոր քաղաքային տրանսպորտի համալիր բարելավման ծրագրում հաշվի առնված կլինեն բոլոր մանրուքները՝ կբացառվեն կրկնվող գծերը, կբարձրացվի տրանսպորտային ցանցի էֆեկտիվությունը: Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը նկատում է՝ վատ ժառանգություն են ստացել, այսօր փորձ է արվում շտկել իրավիճակը՝ հաշվի առնելով աշխարհի փորձը:

« Նախկին ցանցում ունեցել ենք մինչեւ 70 տոկոս կրկնվող գծեր, ոչ էֆեկտիվություն, մաշված շարժակազմ եւ այն: Նոր համակարգը, որ ցանկանում ենք ներդնել,  շատ ավելի էֆեկտիվ  ու օպտիմալ կլինի: Աշխատանքային խմբի կողմից արդեն իսկ ներկայացվել է ցանցի նոր տարբերակը, որը էականորեն տարբերվում է առկա ցանցից >>,- ընդգծում է Սարգիս Մանուկյանը ու հարց ուղղում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալին. «Հանրապետական մասշտաբով ցանցում նախատեսված չէ, որ միջքաղաքային տրանսպորտը մուտք գործի մայրաքաղաք, մարզային տրանսպորտը հասնում է մինչեւ ծայրամասում գտնվող ավտոկայաններից մեկը, որից հետո քաղաքացին պետք է նստի քաղաքային տրանսպորտ, արդյո՞ք հաշվի առնված է այդ փաստը>>,- հետաքրքրվում է նա:

«Հանրապետական նոր ցանցի ներդրումը նույնպես քննարկման փուլում է եւ նախատեսվում է, որ այն փոխկապակցված կլինի քաղաքային ցանցի հետ: Սկզբունքային խնդիր է դրվել երկրում ստեղծել նոր, ժամանակակից լուծումներով երթուղային համակարգ՝ հաշվի առնելով նաեւ IT ընկերությունների առաջարկները>>,- պատասխանում է Արման Կարապետյանը ու ավելացնում՝ ներկայումս գործող երթուղային ցանցում հաշվի առնված չէ, թե  հանրապետության որ քաղաքից եկող միջքաղաքային տրանսպորտը, գործող երեք  ավտոկայաններից որ մեկում է կանգ առնելու: Նոր ցանցում հաշվարկված կլինեն բոլոր նրբությունները՝ հյուսիսից եկող տրանսպորտը կկայանի հյուսիսային, հարավից եկողը՝ հարավային ավտոկայանում: Կենտրոնական ավտոկայանից սկիզբ կառնեն միջպետական ուղեփոխադրումները:

Միջքաղաքային երթուղային նոր համակարգում կգործի տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգ: Մարդիկ հնարավորություն կունենան բջջային հավելվածի միջոցով տեղեկանալ, թե ո՞ր ժամին, որտեղի՞ց կարող են ուղեւորվել, ինչպես նաեւ առցանց պատվիրել տոմսեր: Համակարգը ենթադրում է նաեւ պարտադիր տեղորոշման սարքերի առկայություն՝ ՋՓՍ կամ այլ համակարգերի միջոցով, որի շնորհիվ հնարավոր կլինի տեսնել, թե որ մեքենան ե՞րբ է շարժվում, որտեղի՞ց եւ անգամ՝ ի՞նչ արագությամբ:

«Այսօր մենք տեղեկատվության հավաքագրման փուլում ենք: Ուսումնասիրում ենք ուղեփոխադրահոսքը, տրանսպորտային միջոցները, որից հետո կլինեն մրցույթներ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները եւ սկսել երթուղիների սպասարկումը: Նախատեսվում է, որ փոփոխություններ կարվեն նաեւ մրցույթային կարգում եւ այլն, որոնք կներկայացվեն կառավարության քննարկմանը»,- նշում է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկմանը ներկա է նաեւ Երևան-Վանաձոր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Վահե Փայտյանը, որը իրենց կատարած ուսումնասիրություններն ու փորձն է ներկայացնում: Լոռու մարզի 107 գյուղում եւ ութ քաղաքներում են ուսումնասիրություններ կատարել, ճշտել չվացուցակները, տոմսի արժեքները, բնակչության տարբեր շերտերի թիվը, մեքենաների մոդելները, ճանապարհները  եւ այլն: Մեկ տարի առաջ տվյալները ներկայացրել են նախարարություն եւ կանոնավոր ուղեփոխադրումներ կատարելու պատրաստակամություն հայտնել, առայժմ սպասում են պատասխանի:

«Ուսումնասիրությունների արդյունքում մենք եկել ենք այն եզրահանգման, որ պետք է շեշտը դնել  տարածքային զարգացման վրա: Օրինակ, Սպիտակ քաղաքը մեռյալ քաղաք է դարձել, հետաքրքրություն չկա այդ քաղաքում, գալիս կողքով անցնում, գնում են Վանաձոր: Մեր նպատակն է, որ գյուղերից մարդիկ գան շրջկենտրոն, ոչ մայրաքաղաք, զարգացնենք քաղաքում առեւտուրը, շունչ տանք մեր մարզին: Մենք պատրաստ ենք այդ ծրագիրը իրագործել, ավտոմեքենաները առնել, ներդրումը անել եւ սկսել գործը, բայց դեռ արձագանք չկա»,-  ասում է Վահե Փայտյանը:

Քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախաձեռնության անդամ Արտյուշ Գրիգորյանը նման մոտեցումը կարեւոր է համարում նաեւ  զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

«Միջպետական տրանսպորտային ցանցը այսօր այնպես է գծված, որ գյուղից Երեւան կանոնավոր երթուղի կա: Ամեն ինչ կենտրոնանում է մայրաքաղաքում: Արդյունքում շրջկենտրոնը դուրս է մնում: Ամենատարրական բանը գնելու համար մարդիկ գյուղից գալիս են Երեւան, շրջկենտրոնը մնում է դատարկ, մայրաքաղաքում էլ խցանում է առաջանում: Երեւան քաղաքը պետք է կապվի քաղաքների հետ, գյուղից Երեւան կանոնավոր երթուղի չպետք է լինի: Տուրիստական տեսանկյունից էլ եթե նայենք՝ սխալ է, զբոսաշրջիկը չի կարողանում երկու իրար կողքի գտնվող քաղաքներ այցելել կանոնավոր ուղեփոխադրումների միջոցով, պետք է գա Երեւան, նորից հետ գնա»,-  նկատում  է նա:

Արման Կարապետյանը հավաստիացնում է՝ այդ հարցերը նույնպես հաշվի են առնված: Նոր ցանցում բացառված է լինելու համայնքներից ուղիղ կապը մայրաքաղաքի հետ:

«Երթուղիները կառուցվելու են հետեւյալ սկզբունքով: Մարզի համայնքներից դեպի շրջկենտրոն կամ դեպի խոշոր քաղաք կգործեն փոքր տրանսպորտային միջոցներ, որտեղից էլ ավելի մեծ ու հարմարավետ տրանսպորտային միջոցով  կուղեւորվեն դեպի մայրաքաղաք»,- ընդգծում  է Արման Կարապետյանը:

«Այդ դեպքում մարդիկ ստիպված կլինեն գյուղից մայրաքաղաքի իրենց ուզած թաղամասը հասնելու համար երեք անգամ վճարել»,-հակադարձում է Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության անդամ Ներսես Բարսամյանը:

«Ես կարծում եմ, որ լավ տրանսպորտը չի կարող էժան լինել, բայց նոր ցանցում ամեն բան պլանավորված է գործող սակագների սահմաններում: Մարդկանց համար կյանքը չի թանկանա, նրանք նույն գինը կվճարեն ուղղակի մի քանի տոմս ձեռք կբերեն»,- պատասխանում է  Արման Կարապետյանը:

Քննարկումը ամփոփում է Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության նախագահ Գեւորգ Թադեւոսյանը:

«Հույս ունեմ, որ վերջապես կնախանշվի ժամկետը, երբ մենք կունենանք մեզ արժանի տրանսպորտ: Ցանկացած նախագծի մեջ կարեւոր է մի բան ֆիքսել, երբեք չպետք է քանդել նախագծերը, որոնք արդեն կայացած են: Այն նախագծերը, որ պետք է իրականացվեն,  թիկունքում, թեկուզ որպես խորհրդատու պետք է ունենան մարդկանց, որոնք ստեղծած համակարգ ունեն»,- նշում է նա: