Գլխավոր editorial Հայկական «Ադամյան» հեռուստացույցները պատրաստ են ներկայանալ սպառողներին

Հայկական «Ադամյան» հեռուստացույցները պատրաստ են ներկայանալ սպառողներին

7
0

Հայկական «Ադամյան» ապրանքանիշի հեռուստացույցների առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է, այն հաշված օրերի ընթացքում կներկայանա սպառողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող գործարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ տնօրեն Ռամի Ջուդին:

«Այժմ օրական հավաքում ենք մոտ 100-150 հատ հեռուստացույց: Մոտ օրերս դրանք կարող եք գտնել ՀՀ ողջ տարածքում գործող խոշոր մասնագիտացված խանութ սրահներում»,- ասաց Ռամի Ջուդին:

Ընկերության տնօրենը նշեց, որ թեև գործարանի բացումը տեղի էր ունեցել 2018թ. դեկտեմբերի 5-ին, իրենք արտադրությունը կարողացել են սկսել միայն մայիսին, քանի որ սպասում էին կառավարության կողմից ներմուծման մաքսային արտոնության տրամադրմանը:

«Մենք սպասում էինք կառավարության կողմից մաքսային արտոնության տրամադրմանը, որովհետև այն գինը, որը մենք խոստացել էինք վաճառքի համար, չէինք կարող սահմանել, եթե նաև մաքսային տուրք վճարեինք: Արտոնությունը կառավարությունը մեզ տրամադրեց ապրիլին»,- նշեց տնօրենը:

«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ի հնգամյա ներդրումային ծրագիրը բաղկացած է 3 փուլից: Այժմ գործարանում հեռուստացույցների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները ներկրվում են, որից հետո դրանք հավաքվում են Հայաստանում: Մեկ ու կես ամիս անց ընկերությունը պլանավորում է գործարկել նաև երկրորդ հոսքը, որի արդյունքում կկոմպլեկտավորվի 2000 օդորակիչ և 3000 հեռուստացույց: Երկրորդ հոսքի գործարկման արդյունքում ընկերությունում կստեղծվի ևս 30 աշխատատեղ: Հայկական արտադրության լվացքի մեքենաները, սառնարանները և օդորակիչները սպառողին կներկայանան «ԱՅՈ» (AIO) ապրանքանիշի ներքո:

«Ծրագրի առաջին փուլը տևելու է 2 տարի: Երկրորդ փուլում կենցաղային սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ մոտ 20% բաղկացուցիչ ու համալրող մասերի արտադրությունն ու վերջնական կենցաղային սարքավորումների հավաքումն իրականացվելու է այստեղ, 80% բաղկացուցիչ մասերը ներմուծվելու են: Այս փուլից սկսած կենցաղային սարքավորումների ծրագրային ապահովման բոլոր աշխատանքները նույնպես կիրականացվեն ՀՀ-ում։ Փուլի տևողությունը ևս 2 տարի է։ Երրորդ փուլում կենցաղային սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ մոտ 60% բաղկացուցիչ ու համալրող մասերի արտադրությունն ու վերջնական կենցաղային սարքավորումների հավաքումն արդեն կիրականացվի Հայաստանում, իսկ բաղկացուցիչ մասերի 40%-ը կներմուծվի։ Այս փուլի տևողությունը 1 տարի է»,- ասաց Ջուդին:

«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ hասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունը պատրաստվում է նաև արտահանել հայկական կենցաղային տեխնիկան, սակայն այդ հարցում ակնկալում են նաև ՀՀ կառավարության աջակցությունը:

«Մենք այժմ ակտիվ բանակցություններ ենք վարում արտադրանքը դեպի ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես` Ռուսաստան արտահանելու ուղղությամբ, և այս գործընթացում ակնկալում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը»,- ասաց Առաքելյանը:

Գործարանում այժմ ստեղծվել է 13 աշխատատեղ` միջինում 200 հազար դրամ աշխատավարձով: Գործարանի ամբողջական գործարկման դեպքում կստեղծվի 60-70 աշխատատեղ` 200 000 դրամ միջին աշխատավարձով և տարեկան կարտադրվի 126 հազար միավոր կենցաղային սարքավորում: Մինչև օրս կոմպլեկտավորվել է 190 հեռուստացույց: Առաջին խմբաքանակում նախատեսվում է կոմպլեկտավորել 1200 հեռուստացույց:

«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ն հայ-լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։