Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    17°
    Home » Լուրեր » «Հայկական Լուվրի» մասին

    «Հայկական Լուվրի» մասին

    «Հայկական Լուվրի» մասին
    Օգոստոս 1, 2018 12:50 Լուրեր, Հասարակություն, Վերլուծական A+ / A-

    Վերջին տարիներին մայրաքաղաքի ոչ բոլոր նորակառույցներն են դատապարտված դիմանալու ժամանակի քննությանը: Առաջին տպավորությունը նորակառույցներից հիացական չէ: Այդ շինությունները կառուցվում են մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու համար՝ զուրկ որևէ ճարտարապետական արժեքից: Եթե բացառենք զվարճանքի, սննդի, հյուրանոցների նոր կառուցվող շինությունները, ապա մայրաքաղաքում հասարակական նշանակության գրեթե ոչ մի այլ շինություն չի կառուցվում:

    Նորակառույցները, երբեմն տեղադրվելով քաղաքի ամենագողտրիկ վայրերում, միշտ չէ, որ աչք են շոյում: Երևանի բնակիչների մոտ տխուր զգացումներ են առաջացնում Երևանը գոտևորող (Նորքի հեռուստաաշտարակի հարևանությամբ)՝ երբեմնի այգիների տեղը կառուցվող բնակելի շենքերը: Միամտություն կլինի կարծել, թե հրաշքով այս տարածքներում կվերականգնվի անտառը:

    Առաջարկում եմ այդ տարածքում առանձնացնել 500 հազ. քմ տարածք՝ երբևէ իրականացնելու մեկ մտահղացում, որի անվերապահ կողմնակիցը կարող են լինել հայեր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև սփյուռքում: Ժամանակի ընձեռած հնարավորությամբ շատ հայեր շրջագայում են աշխարհի տարբեր երկրներում: Հիանալով համաշխարհային բազմաթիվ ճարտարապետական կոթողների շքեղությամբ՝ ակնածանքով են լցվում հատկապես թանգարանների և պատկերասրահների նկատմամբ: Առաջին անգամ Փարիզի Լուվրի թանգարան կամ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ այցելողներին տպավորություններն ուղեկցում են ամբողջ կյանքում, և վստահ եմ, որ դա պայմանավորված չէ միայն այդ թանգարաններում պահպանվող գեղանկարչության և քանդակագործության համաշխարհային գլուխգործոցների առկայությամբ: Արվեստի բացառիկ արժեքներ են ինքնին թանգարանները:

    Արվեստի նկատմամբ վերաբերմունքի ժամանակակից դրսևորում է Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնը: Լուվրի և Էրմիտաժի ճարտարապետական համալիրները դժվար է պատկերացնել առանց Սենա և Նևա գետերի: Ցավոք, Երևանը չունի իր «Սենան» և «Նևան»:

    Նորքի հատված անտառի տարածքը գերիշխող դիրք ունի մայրաքաղաքի նկատմամբ և տեսանելի է քաղաքի շատ անկյուններից: Առաջարկում եմ նշված տարածքը հատկացնել «հայկական Լուվրի» ստեղծման նպատակին, ընդ որում, բուն թանգարանային շինության համար հատկացնելով մոտ 100 հազ. քմ տարածք, մնացած 400 հազար քմ գոտևորելով շատրվաններով, ժամանակակից արվեստին բնորոշ նմուշներով, գողտրիկ ճեմուղիներով, ծաղկազարդ պուրակներով:

    Միամտություն կլինի կարծել, որ քաղաքապետարանը, իր բազմաթիվ խնդիրներով ու դժվարություններով, հնարավորություն ունի տեսանելի ապագայում նմանօրինակ որևէ ձեռնարկում իրականացնել: Սակայն քաղաքապետարանը ներկայումս ունի մի բացառիկ հնարավորություն. որոշում կայացնելու այս ձեռնարկման համար անհրաժեշտ հողհատկացման վերաբերյալ՝ պաշտպանելով այն «եռանդուն» կառուցապատողներից:

    Եթե քաղաքապետարանը տեր կանգնի այս գաղափարի իրականացմանը՝ այն երբևէ կյանքի կկոչվի: Ամենակարևոր քայլից՝ հողհատկացումից հետո կսկսվի մի երկար ճանապարհ: Ոգևորել մարդկանց այդ գաղափարով Հայաստանում և սփյուռքում: Որպես առաջին քայլ՝ թերևս կարելի է հանձնարարել Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ավարտական կուրսերի ուսանողներին ներկայացնել դիպլոմային աշխատանքներ այս թեմայով: Ստեղծել հոգատար և հատկապես մասնագետ-հոգաբարձուների խորհուրդ՝ նրանց խնդիրը համարելով այս գաղափարը յուրաքանչյուր հայինը դարձնելու թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, առավելագույնս օգտագործել արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների ունեցած հնարավորությունները՝ ակնկալելով նրանց ոչ միայն գործուն նյութական մասնակցությունը նախագծի շինարարության աշխատանքներին (իհարկե, բացառելով մեկ անգամ արդեն քննություն չբռնած ազգային տուրքի գաղափարը), այլև դրա ավարտից հետո այդ թանգարանը ցուցանմուշներով հարստացնելու գործին:

    Երբեք խնդիր չպետք է դնել կառուցվելիք թանգարանի համալրումը իրականացնել մեկ կամ մի քանի սերունդների կողմից: Ստեղծվելիք ցուցասրահները կարելի է անվանակոչել պատմական Հայաստանի տեղանուններով, մայրաքաղաքների անուններով:

    Ձոնիկ Մարգարյան

    Նման թեմաներ

    scroll to top