Հինգշաբթի , 27 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 483.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.62   
  •  EUR   Առք` 523.00   Վաճառք` 533.00   ՀՀ ԿԲ` 528.04   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.79   
  •  GBP   Առք` 614.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 625.26   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.64   ՀՀ ԿԲ` 8.53   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.00   
outputra5huxgif
°
Մամուլ
Home » Լուրեր » ՀՀ 17 առևտրային բանկերում բնակչության ներդրումները երաշխավորված են

ՀՀ 17 առևտրային բանկերում բնակչության ներդրումները երաշխավորված են

Մարտ 1, 2017 18:01 Լուրեր, Տնտեսական A+ / A-

 Hermine

Araratnews.am-ի զրուցակիցն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

Ե՞րբ է ստեղծվել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը և ի՞նչ նպատակով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից, հիմնադիրը Կենտրոնական բանկն է: Հիմնադրամի ստեղծման դրդապատճառներից է եղել խորհրդային և հետխորհրդային տարիներին մարդկանց ավանդների հետ կատարվածը, բազմաթիվ բանկերի սնանկություններից հետո ավանդատուների շահերը պաշտպանված չլինելը՝ ֆիզիկական անձանց ավանդները օրենքով սահմանված գումարի չափով ապահովագրելու անհրաժեշտություն է առաջացել: Հիմնական նպատակներից մեկն էլ հանրության շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումն է, եւ կարելի է ասել, որ լրացուցիչ լծակ է՝ ուղղված ավանդատուների շահերի պաշտպանությանը:

Ո՞ր բանկերում ներդրված միջոցներն են համարվում հիմնադրամի կողմից երաշխավորված միջոցներ:

Ներկայումս ՀՀ բոլոր 17 առևտրային բանկերում բնակչության ներդրումները երաշխավորված են օրենքով սահմանված չափով: Հիմնադրամի կողմից երաշխավորված բանկային ավանդ են համարվում քաղաքացիների կողմից բանկում կամ բանկերում ներդրված միջոցները՝ և՛ դրամային, և՛ արտարժութային, որոնցում կարող են ներառվել նաև իրենց բանկային հաշիվներին առկա մնացորդները, բանկի կողմից թողարկված անվանական արժեթղթերով ներգրավված միջոցները, ինչպես նաև թվարկված միջոցների տոկոսագումարները: Երաշխավորվում են նաև անհատ ձեռնարկատերերի կողմից բանկերում ներդրված միջոցները ևս: Որպես երաշխավորված բանկային ավանդ են համարվում բանկի թողարկած պարտատոմսերը, որոնք երաշխավորվում են ավանդի համար սահմանված չափով:  Եթե չեմ սխալվում, ներկայումս 5 բանկեր կիրառում են միջոցներ ներգրավելու այս գործիքը ևս, որը ներդրման այլընտրանքային գործիք է և հնարավորություն է առավել ապահովված ֆինանսական ակտիվում ներդրում կատարելու համար: Հիմնադրամի կողմից երաշխավորված ավանդի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն ՀՀ դրամ, որը գործում կոնկրետ բանկում միայն դրամային միջոցներով ներդնելու դեպքում: Միայն արտարժույթով ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափը 5 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժութային միջոցներն են:

Ի՞նչ հիմքեր կան, որ հիմնադրամի գործունեությունն ամրապնդում է բանկային համակարգի նկատմամբ վստահությունը:

Բանկային համակարգում գրանցվել է ավանդների և ավանդատուների ավելացում: Իհարկե, պետք է փաստել բանկերի կայունության մասին, որովհետև այս տարիների ընթացքում չեն եղել բանկերի սնանկության դեպքեր: Հանրությանն իրազեկելու ուղղությամբ բազմաթիվ միջոցներ են կիրառվում, բանկերն էլ իրենց հաճախորդներին տեղեկացնում են ավանդների երաշխավորման վերաբերյալ: Կարծում եմ` հիմնադրամի գործունեությունն ազդեցություն ունի ավանդատուների վարքագծի վրա: Բանկերում ավելանում է ավանդատուների թիվը, որի պատճառներից մեկն էլ այն է, որ տեղեկացված քաղաքացիները ներդրվող գումարները բաշխում են տարբեր բանկերի միջև:

Իսկ բանկերի նորմատիվային կապիտալի պահանջի ավելացման ներքո բանկերում քաղաքացիների ավանդների ծավալները չե՞ն նվազել:

Ինչպես գիտեք, ՀՀ առևտրային բանկերի թիվը 2016 թ. 21-ից կրճատվեց 4-ով, և ներկայումս գործում է 17 բանկ: 2016 թ. ֆիզիկական անձանց կողմից բանկերում ներդրվող գումարներն աճել են: Ավանդատուները, իհարկե, անհանգստանալու որևէ առիթ չեն ունեցել ներդրված գումարները ժամկետից շուտ ստանալու համար, և 2016 թ. ընթացքում շարունակվել են քաղաքացիների ավանդների, ներառյալ` բանկային հաշիվների մնացորդների ավելացումը: 2016 թ. վերջին ավանդների աճը, նախորդ տարվա վերջի համեմատ, կազմել է ավելի քան 13%:

Երաշխավորման այս համակարգի ի՞նչ զարգացումներ սպասենք: Երաշխավորման չափերի ավելացումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:

Ավանդների երաշխավորման համակարգի զարգացումը ֆինանսական կայունությունն ապահովող կառույցի ուշադրության կենտրոնում է: Սերտ համագործակցություն կա ՀՀ բանկերի միության հետ: Բացի այդ, հիմնադրամն ընդգրկված է ոլորտի միջազգային ասոցիացիաներում և հետևողականություն է ցուցաբերում ավանդների արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքներին հնարավորինս համապատասխանության հարցում: Այդ իսկ պատճառով հիմնադրամը կնքել է, և նախագծվել են պայմանագրեր, որոնց միջոցով կկարգավորվեն առանձին խնդիրների լուծումներ: Երաշխավորված ավանդի սահմանաչափի վերանայումն արդեն պարբերական բնույթ է կրում: Չի բացառվում նաև  երաշխավորման շրջանակի վերանայում: Սակայն այդպիսի փոփոխությունների համար բավարար հիմքեր են անհրաժեշտ. որոշ ցուցանիշների ընդունելի մակարդակի առկայության դեպքում դրանք քննարկման արդիական թեմաներ կդառնան:

Կթվարկե՞ք այդ ցուցանիշներից մի քանիսը:

Oրինակ՝ բոլոր ավանդներում երաշխավորված ավանդների կշիռը, ավանդների միջին գումարը, երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թվում երաշխավորված ավանդի առավելագույն գումարը չգերազանցող ավանդատուների կշիռը և այլն: Ի դեպ, ներկայումս ՀՀ բանկային համակարգում ավանդատուների ավելի քան 98%-ի ավանդները երաշխավորված ավանդի առավելագույն սահմանաչափը չեն գերազանցում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top