Գլխավոր Լուրեր ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանին

ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանին

4
0

ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ուղերձում,  մասնավորապես,  ասված է. «Մեր ժողովուրդը երբևէ երաժշտարվեստի խոշոր գործիչների պակաս չի զգացել, սակայն կոմպոզիտորների ու երգահանների հայոց աստղաբույլում միշտ էլ առանձնակի շուքով է շողում Ձեր աստղը` փառավորելով թե Ձեր, թե Ձեզ ծնող ժողովրդի անունը: Դուք մեր մշակույթի այն բացառիկ գործիչներից եք, որոնցով մեր երկիրը բացճակատ ներկայանում է աշխարհին:

Ձեր ստեղծագործական գործունեությունը արժանի է ամենայն հիացմունքի: Ձեր կենսագրությանն արված ամենահպանցիկ ակնարկից անգամ պարզ է դառնում, թե ինչպիսի երկար, դժվարին ու տքնաջան ճանապարհ պիտի անցնի արվեստի նվիրյալը նման բարձր անվան ու հաջողությունների հասնելու համար:

Լինելով մեր ժողովրդի բազմադարյա ընթացքի, հոգևոր-մշակութային խորախորհուրդ գանձարանի քաջահմուտ գիտակն ու կրողը, դուք այդ ամենը աստվածատուր տաղանդով վերածեցիք ընտիր երաժշտության, որտեղ այնպես ներդաշնակ են ազգայինն ու համամարդկայինը: Երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործությունները ամենալայն ճանաչում են ստացել և արդեն երկար տասնամյակներ հնչում են աշխարհի հեղինակավոր կոլեկտիվների և անհատ կատարողների մեկնաբանությամբ` հիացնելով անգամ ամենանրբաճաշակ ունկնդիրներին:

Թանկագին մաեստրո.

Ձեր մարդկային ու քաղաքացիական առաքինությունների շարքում միշտ էլ առանձնանում է անսահման համեստությունը` զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը: Դուք երբեք չեք ձգտել փառքի ու մեծարանքի, սակայն փառքը, լայն ճանաչումը և այլևայլ դափնիները միշտ եղել են Ձեր կյանքի մշտական ուղեկիցը` որպես արժանի գնահատական Ձեր ստեղծածի:

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, երկար տարիների կյանք` ի փառս հայենական մշակույթի, ի փառս հայ երաժշտարվեստի զարգացման ու տարածման»: