Գլխավոր Լուրեր ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին ետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով

ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին ետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով

8
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար ետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։

Հուլիսի 23-ին Արմեն Սարգսյանը շքանշանը հանձնեց Արման Կիրակոսյանի հարազատներին։

«Թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ, սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականը Արմանին իր գործունեությանը՝ որպես գիտնականի և դիվանագետ,ի որպես մարդու, շարունակվելու է: Եվ ոչ միայն այսօր, ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք գնահատելու մեր ընկերոջ, մեր գործընկերոջ փայլուն կյանքը»,- ասաց Սարգսյանը։

Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագիտական ծառայության աշխատակիցներ, պատմաբաններ, Արման Կիրակոսյանի ընկերները:

Հունիսի 6-ին՝ 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թ., Երևանում։ 1977 թ. ավարտել է Խաչատուր Աբովյանիանվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ևաշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980 թ.՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։

1991թ.-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ. 1991-1994 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀարտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999 թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999 թթ. համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005 թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018 թթ. նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019թթ.՝  համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018 թ. նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողել հայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։ Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների. 2017 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։