Երկուշաբթի , 21 Մայիս 2018

    outputra5huxgif
    Cloudy
    13°
    Home » Լուրեր » ՀՀ նախագահն ընդամենը երկու լիազորություն կունենա, որից մեկը՝ կիսված

    ՀՀ նախագահն ընդամենը երկու լիազորություն կունենա, որից մեկը՝ կիսված

    ՀՀ նախագահն ընդամենը երկու լիազորություն կունենա, որից մեկը՝ կիսված
    Փետրվար 7, 2018 13:43 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Նոր համակարգը բերվել է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի համար, ով խնդիր ունի հանրության հետ աշխատելիս ավելի թափանցիկ լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը. «Նա խնդիր ունի ավելի թափանցիկ լինելու, և այդ իսկ պատճառով բերել են այս օրենքը, և սա ավելի շատ հուշում է, որ վարչապետը պետք է հենց Սերժ Սարգսյանը լինի: Սահմանադրության փոփոխությունների ժամանակ անհանգստությունը, որ այն փոխվում է մեկ մարդու համար, իրականություն է դառնում, և ամբողջ սահմանադրական կարգը կարծես թե ըստ անձերի է ձևավորվում»:

    Բանախոսի կարծիքով` ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրությունն էլ պատահական չէր. «Արմեն Սարգսյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ իրեն նոր են առաջարկել, և ինքը նոր է տեղեկանում, բայց ես կարծում եմ, որ նա անկեղծ չէր: 2013 սեպտեմբերին, երբ նա նշանակվեց դեսպան, և 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի կացության ցենզը 10 տարուց իջեցվեց 6-ի, հենց Արմեն Սարգսյանի համար էր դա արվել, որովհետև նա կացության ցենզի խնդիր ուներ: Հայաստանում կարծես թե ամբողջ Սահմանադրությունը, օրենքները  ըստ մարդու պահանջների են ձևավորվում»:

    Իսկ նոր համակարգի համաձայն, քաղաքագետի խոսքով՝ նախագահը կունենա ընդամենը երկու լիազորություն. «Նախագահը գրեթե որևէ լիազորություն չի ունենում, միայն երկուսը՝ մեկը քաղաքացիություն շնորհելն է, մյուսն էլ` ներում շնորհելը, որը կարծես թե էլի ձեռքից վերցնում են. կիսվում է նախագահի և վարչապետի միջև: Եվ այս առումով այն ակնկալիքները, թե Արմեն Սարգսյանը կկարողանա որևէ բան անել, ավելի շատ իլյուզիաներ են: Նույնիսկ ավելին ասեմ՝ նախագահը և ԱԺ նախագահը անվտանգության խորհրդում ներկայացված չեն: Սա նշանակում է, որ Հայաստանի անունը դրված է պառլամենտական, բայց իր բնույթով սուպերվարչապետական հանրապետություն է դառնում, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնանում է գործադիր իշխանության ներքո, և ԱԺ-ն ավելի շատ դառնալու է դակող մարմին»:

    Էմմա Հովսեփյան

    Նման թեմաներ

    scroll to top