Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ շուկայում մի շարք վտանգավոր թթվասերներ կան. որոնք են դրանք

    ՀՀ շուկայում մի շարք վտանգավոր թթվասերներ կան. որոնք են դրանք

    ՀՀ շուկայում մի շարք վտանգավոր թթվասերներ կան. որոնք են դրանք
    Փետրվար 12, 2018 19:38 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները:

    Երևան Տոնավաճառ

    ՍԱՊԾից մանրամասնում են, որ վերահսկողության արդյունքում «Չանախ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրամասում եղել է 150 կգ տեխնիակական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող թթվասերի զանգված, որը Ծառայության մասնագետների կողմից ոչնչացվել է, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվել:

    Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում 06.02.2018թ. արտադրված թթվասերի նմուշում արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով: Հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ. տրվել է կրկնապիտակի միջոցով այն շտկելու հանձնարարական:

    «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերմանն առնչվող խախտումներ, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունն իրականցվում է ոչ լիարժեք:

    Հումքի մթերման  գործընթացը պատշաճ չի կազմակերպվում նաև «Թամարա» ՍՊԸ-ում, չի իրականացվում արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

    «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն օգտագործում է սեփական ֆերմայում արտադրված կաթը, որն էականորեն նվազեցնում է հումքի հետ առնչվող ռիսկերը, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք: Պատրաստի արտադրանքից վերցվել է նմուշ. անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

    «Բոնիլատ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում: Կատարվել է 05.02.2018 թվականի արտադրության թթվասերի նմուշառում, փորձաքնության արդյունքներով արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով:

    Հումքի մթերման փուլում խախտումներ են արձանագրվել նաև «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ում, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ՝ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք:

    «Պարգև» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում:  Լաբորատոր փորձաքննությամբ՝ անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

    Այս արդյունքների հիման վրա՝ Ծառայությունը «Բոնիլատ» ՍՊԸ-ի 05.02.2018թ. արտադրության (0.5 կգ փաթեթվածքով, պիտանիության ժամկետը՝ 9 օր) թթվասերի խմբաքանակը ճանաչել է վտանգավոր, տրվել են արտադրանքի հետ կանչի կարգադրագրեր, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է:

    Վտանգավոր է ճանաչվել նաև «Չանախ» ՍՊԸ-ի 06.02.2018թ. արտադրության (200 կգ ընդհանուր զանգվածով, պիտանիության ժամկետը՝ 6 օր) թթվասերը. ծառայության կողմից տրվել է արտադրական գործընթացի կասեցման որոշում:

    Փորձաքննված նմուշներում հակաբիոտիկներ և բուսական յուղ չեն հայտաբերվել:

    Ծառայության կողմից տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, խնդիրների լիարժեք լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ինչպես անասնապահության, կաթի մթերումների կազմակերպման, այնպես էլ  բուն արտադրության փուլերում:

    Հաճախ իրացման կետերում են խախտվում սննդամթերքի պահման պայմանները, որով պայմանավորված էլ առաջանում են մարէաբանական անհամապատասխանություններ:


    Նման թեմաներ

    scroll to top