Գլխավոր Լուրեր ՀՀ-ում ցեմենտ արտադրողների դիրքերը շուկայում կամրապնդվեն․ նախարար

ՀՀ-ում ցեմենտ արտադրողների դիրքերը շուկայում կամրապնդվեն․ նախարար

8
0

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում քննարկման ներկայացվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագծի նպատակը ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելն է:

Նրա խոսքով՝ Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմել են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե արտադրության և թե ներմուծման ծավալները` համապատասխանաբար 53,1%-ով և 3.5 անգամ:

Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում 2018 թվականի առաջին կիսամյակում իրականացրած արտադրական գործունեության արդյունքում արտադրանքի ձևավորված միջին ինքնարժեքը կազմել է 41-42 հազ. դրամ:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայումս ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 30 մլն տոննա, որի մեծ մասն արտահանվում է: Հայաստանի սահմանին 1 տոննայի Մ-400 մակնշման իրանական ցեմենտի գինը տատանվում է 15-20 դոլարի միջակայքում, իսկ ՀՀ տարածք տեղափոխումը կազմում է մոտ 15 դոլար 1 տոննայի համար:

«Այդ պատճառով ներմուծվող իրանական ցեմենտն իր դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ նպատակահարմար է ոչ սակագնային կարգավորումների միջոցով կանոնակարգել ներքին շուկայում ցեմենտի շրջանառությունը` սահմանելով վերջինս ծանուցվող գործունեության տեսակ և կիրառելով պետական տուրք` մոտ 22 000 դրամ, որ հավասար պայմաններում գործեն ու նաև մրցակցեն: