Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ-ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ

    ՀՀ-ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ

    ՀՀ-ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ
    Մայիս 21, 2019 18:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, ովքեր կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այլևս հնարավորություն չեն ունենա պոլիոմիելիտի 4-5-րդ դեղաչափն ստանալու կենդանի պատվաստանյութով:

    Ինչպես  հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հանրապետությունում 2018 թվականից դիտվում է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, օրինակ 2 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 95%, 2018թ.՝ 93%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92%: Նույն իրավիճակն է նաև 1 և 6 տարեկանների շրջանում՝ 1 տարեկան երեխաների շրջանում 2017թ. կազմել է 96%, 2018թ.՝ 94%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 93.7%, 6 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 97%, 2018թ. և 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 96%: Կան համայնքներ, որտեղ պոլիոմիելիտի ընդգրկվածության  ցուցանիշներն առանձին վերցված ավելի ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշը: Մասնավորապես` 92 համայնքում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները 95% -ից ցածր են, այդ թվում 24 համայնքում՝ 60%-90%, իսկ 68 համայնքում՝ 90%-95%: Երևանում 2 տարեկան երեխաների շրջանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 2019թ. առաջին եռամսյակում, ինչպես նաև 2018թ. կազմել է 87%, 2017թ.՝ 90.7%:

    Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ աշխարհում իրականացվող պատվաստումային գործընթացի շնորհիվ, այսօր արդեն կարելի է հիվանդությունը համարել վերացած: Միայն  Աֆղանստանում, Պակիստանում և Նիգերիայում դեռևս  շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը, որտեղից պարբերաբար տարածվում են այլ երկրներ՝ առաջացնելով տեղային բռնկումներ: Վիրուսի ներկրման վտանգն առկա է միշտ, հատկապես ներկայիս բնակչության ակտիվ տեղաշարժի պայմաններում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջերս տարածած հայտարարության համաձայն, Իրանում` շրջակա միջավայրում հայտնաբերվել է պոլիոմիելիտի հարուցիչ (վայրի պոլիովիրուսի 1-ին տիպ), որը համաճարակաբանորեն կապված է Պակիստանի հետ:

    Հայաստանում ցուցանիշների շարունակական նվազումը կարող է նպաստել պոլիոմիելիտի հետ վերադարձին՝ առաջացնելով երկրում հիվանդության բռնկման վտանգ և պատճառ դառնալ երեխաների կայուն հաշմանդամության՝ նույնիսկ մահվան:

    Կենդանի պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութից ինակտիվացված պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի ներկա անցումային փուլում անհրաժեշտ է երեխաների շրջանում ամրապնդել պոլիոմիելիտի նկատմամբ պաշտպանության մակարդակը:

    «Նշենք, որ պատվաստումների շնորհիվ հանրապետությունում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանն ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և այս կարգավիճակի հետագա պահպանման համար անհրաժեշտ է ապահովել բնակչության կոլեկտիվ անընկալությունը:

    Հիշեցնենք, որ պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչն ունի 3 շճատիպ (1-ին, 2-րդ, 3-րդ): Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։  Վարակը  հիվանդ  մարդուց փոխանցվում է  բերանակղանքային, ինչպես նաև օդակաթիլային (հազալուց, փռշտալուց) ճանապարհներով։ Գաղտնի շրջանը միջինը 9-ից 14 օր է, կարող է տևել մինչև 28 օր,  ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարմամբ։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում և, ախտահարելով նյարդային համակարգը, առաջացնում է կայուն հաշմանդամություն:

    Պոլիոմիելիտի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է:

    Պատվաստվե’ք և կանխարգելե’ք պոլիոմիելիտը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top