Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » editorial » ՀՀԿ-ն փլուզվում է

    ՀՀԿ-ն փլուզվում է

    ՀՀԿ-ն փլուզվում է
    Հոկտեմբեր 8, 2018 16:16 editorial, Լուրեր A+ / A-

    Այսօր տեղի ունեցող մի շարք իրադարձությունների ֆոնին կարող ենք փաստել, որ ՀՀԿ-ն որպես այդպիսին այլևս գոյություն չունի: ՀՀԿ-ն փլուզվում է, և  նրա փլատակների տակ մնում են Աշոտյան-Շարմազանով-Բաղդասարյան տանդեմը:

    Օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից տեղեկություններ ստացվեցին և հայտարարություններ հնչեցին, որոնք մեզ հիմք են տալիս եզրահանգելու, որ արտահերթ ընտրություններ տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

    Հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը. «Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան»: Կոստանյանի հայտարարությունն ամբողջությամբ կարող եք լսել ԱՅՍՏԵՂ:

    Կոստանյանի հայտարարությունն ամբողջովին չէինք կարողացել «մարսել», երբ հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի գործարար պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Սահակյանը:

    «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,- հայտարարել է Արման Սահակյանը:

    ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև Մարտուն Գրիգորյանը, որը պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո զբաղեցնելու է նրա տեղը Ազգային ժողովում:

    Լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում  խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարություններով հանդես կգան նաև այլ  պատգամավորներ, որոնք եղել են Սերժ Սարգսյանի իշխանության հենասյուները, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

    Այս ամենի ֆոնին մենք կարող ենք փաստացի արձանագրել, որ դիմադրությունն անիմաստ է, որովհետև կուսակցությունը, որը 20 տարի շարունակ եղել է անարդարության ու քրեապետության դարաշրջանի խորհրդանշանը, օր օրի փլուզվում է:

    Ցավալի է, սակայն, քաղաքական այս փլուզման ավերակների տակ են մնում Աշոտյանն ու Շարմազանովը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր մինչ այս պահը դեռ չեն կարողացել ընկալել, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ անցել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դարաշրջանը:

    scroll to top