Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » ՀՀԿ-ն սեպտեմբերի 1-ից սկսել է փոփոխությունները. ռեստարտ են անում

    ՀՀԿ-ն սեպտեմբերի 1-ից սկսել է փոփոխությունները. ռեստարտ են անում

    Սեպտեմբեր 4, 2017 11:59 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    HHK

    ՀՀԿ-ն հինգշաբթի՝ սեպտեմբերի 7-ին,  ժամը 20:00-ին, հրավիրվելու է կուսակցության գործադիր մարմնի նիստ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում կքննարկեն նաեւ խորհրդի նիստ անցկացնելը:

    Անդրադառնալով նախատեսվող փոփոխություններին, որոնք վերաբերում են ՀՀԿ տարածքային կառույցներին, Թադեւոսյանը նշեց, որ սեպտեմբերի 1-ից փոփոխությունները մեկնարկել են: «Արդեն  մեկնարկել է, սեպտեմբերի 1-ից մենք աշխատանքներ ենք սկսել: Կուսակցության անդամների վերահաշվառում է իրականացվում, ճշտում ենք` ովքե՞ր են, որտե՞ղ են, ի՞նչ պարամետրեր ունեն եւ այլն»,- ասաց Թադեւոսյանը, հավելելով, թե ՀՀԿ տարածքային կառույցներում կադրային փոփոխություններ մշտապես իրականացվում են:

    Ինչ վերաբերում է  կադրային այլ փոփոխությունների, Թադեւոսյանն ասաց, թե դրանք ընթացքում պարզ կդառնան, եւ երբ լինեն, հասարակությունը տեղյակ կլինի: «Հիմա մենք իրականացնում ենք կուսակցության շարքերի վերահաշվառում, կճշտենք սկզբնական կազմակերպությունների անդամների քանակը, ունենք 2010-ից ավելի սկզբնական կազմակերպություն, հետո կանդրադառնանք շրջանային եւ տարածքային խորհուրդներին»,- նշեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատուն:

    ՀՀԿ-ն նաեւ  պատրաստվում է աշնանը մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:  Այժմ ընթանում են քննարկումներ թեկնածուների ընտրության շուրջ: «Մեր կառույցներում ինտենսիվորեն քննարկում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակել է ժամանակացույցը, հոկտեմբերի 1-ից մինչեւ 6-ը մեր թեկնածուները արդեն կներկայացվեն հանձնաժողով»,- ասաց նա:

    Նշենք, որ ինտրիգայինը, թերեւս, Արտաշատի քաղաքապետի ընտրություններն են: Ինչպես հայտնի է, այս քաղաքում քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց, երբ նախկին վարչապետ, նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, հրաժարական ներկայացրեց եւ «Ծառուկյան» դաշինքով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Աբրահամյանները հայտարարել են, որ պատրաստվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրել իրենց թեկնածուին: Առայժմ պարզ չէ, թե ով է լինելու Աբրահամյանների թեկնածուն, եւ արդյո՞ք տվյալ թեկնածուին կսատարի ՀՀԿ-ն, թե՞ թեկնածուն կառաջադրվի «Ծառուկյան» դաշինքի կողմից: «Հետո կասենք, հոկտեմբերի 1-ին պարզ կլինի»,- ասաց Թադեւոսյանը ի պատասխան այն հարցի, թե ով է առաջադրվելու Արտաշատի քաղաքապետի թեկնածուն ՀՀԿ-ի կողմից:

    Հավելենք, որ մի քանի ամիս է` Արտաշատի քաղաքապետի պարտականությունները կատարում է փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի զարմիկն է:

    Ինչ վերաբերում է, թե ով է լինելու ՀՀ վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի լիազորությունները, ապա Թադեւոսյանը հայտնեց, թե երբ ժամանակը գա` կուսակցությունն իրենց ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ ամեն ինչը կորոշի:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top