Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Հին բարքեր. բարձրաստիճան ոստիկանն ու նրա եղբայրը օրենքից վեր են դասում իրենց (տեսանյութ, լուսանկարներ)

    Հին բարքեր. բարձրաստիճան ոստիկանն ու նրա եղբայրը օրենքից վեր են դասում իրենց (տեսանյութ, լուսանկարներ)

    Հին բարքեր. բարձրաստիճան ոստիկանն ու նրա եղբայրը օրենքից վեր են դասում իրենց (տեսանյութ, լուսանկարներ)
    Օգոստոս 10, 2018 17:55 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Araratnews.am-ի խմբագրություն էր զանգահարել ԱՄՆ-ից Երևան վերադարձած և իր տունը վերանորոգելու  ցանկություն ունեցող քաղաքացի Գայանե Աբգարյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպել է շատ լուրջ խոչընդոտի։ ՀՀ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանի եղբայրը, ով Գայանե Աբգարյանի հարևանն է, իրեն վեր է դասել բոլոր օրենքներից և հարևանին արգելում է վերանորոգել տան տանիքը, ինչի հետեւանքով անձրևաջրերը լցվում են տուն։

    «Չարենցի փողոցում գտնվող մեր սեփական տունն ա: Վերադարձել ենք ԱՄՆ-ից և նպատակ ունենք մեր տունը վերանորոգել: Հին շինություն է: Քանդել ենք տանիքը, այսպես կոչված «մանսարդա» ենք սարքում: Եկել է հարևանը, ով նախկին ոստիկանության աշխատակից է՝ Արագածոտնի ոստիկանապետ Լևոն Յազիչյանի եղբայրը, մեզ ահաբեկելով՝ չի թույլատրում, որ շինարարություն անենք: Մենք ունենք բոլոր փաստաթղթերը քաղաքապետարանից, քաղաքաշինության կոմիտեից, լիցենզավորված, բանվորները գալիս են, նրանց հայհոյում, վիրավորում է»,-  բողոքեց Աբգարյանը:

    Գայանե Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք  դիմել են ու այս օրերին էլ դիմում են պետական բոլոր օղակներին, որպեսզի ահաբեկումը իրենց նկատմամբ վերանա, սակայն սայլը տեղից դեռ չի շարժվում:

    «Ես վստահ եմ, եթե նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իմանա, որ իր աշխատակիցը հովանավորում է այդպիսի եղբորն, ու քաղաքացուն ահաբեկում են, նա այդ հարցը այսպես չի թողնի, մենք հավատում են Օսիպյանին, որ նրա հրահանգով այս ամենը կվերանա: Մենք դիմել ենք նաև ՀՀ ԱԱԾ պետին, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետին: Սա չլսված ու չտեսնված երևույթ է, ստացվում է, որ ես ունեմ բոլոր փաստաթղթերը, բայց Լևոն Յազիչյանի եղբայրը բոլորին հայհոյելով՝ չի թույլատրում, որ ես կատարեմ իմ վերանորոգման աշխատանքները, այդ ընթացքում գնացել դիմել է վարչական դատարան, որպեսզի ժամանակավոր կասեցվի իմ շինարարությունը, մինչև ինքը կհասկանա դա օրինական է, թե ոչ: Դատարանը, որ միշտ ասում են ծանրաբեռնված է, հուլիսի 24-ին դիմում է ստանում, հուլիսի 26-ին հօգուտ Յազիչյանի որոշում կայացնում, որ ես ժամանակավոր շինարարություն չկատարեմ:

    Դուք նման բան տեսե՞լ եք Հայաստանում, որ դատարանը 1 օրում նման որոշում կայացնի: Խնդիրն այն է, որ Յազիչյանը բողոք է ներկայացրել դատարան, վիճարկելով այն, որ ես այդտեղ շինարարություն եմ կատարում, դատական նիստը նշանակել են հոկտեմբերի 25-ին , իսկ մինչև հոկտեմբեր արգելել են ինձ շինարարություն կատարել: Գոնե դատական նիստը լինի ողջամիտ ժամկետում, որովհետև դիմացը ձմեռ է, տեսեք քանի ամիս հետո են դատական նիստ նշանակում, մեկ երկու դատ հետաձգվի՝ կդառանա 2019 թվականը, տարիներ կանցնեն վրան, իսկ տունս մեկ մարդու քմահաճույքի պատճառով մնում է անտանիք: Այս ընթացքում իմ տան տանիքը բաց է, անձրևը լցվում է տանս մեջ: Նման բան ո՞նց կարելի է անել»,- լացակումած ձայնով ասում է Գայանե Աբգարյանը և հավելում, որ իրենց միակ ցանկությունն այն է, որ գոնե ողջամիտ ժամկետում վճիռ կայացվի, այլապես իր տունը անձրևներից ու ձյունից կքանդվի:

    Ահա թե ինչ է պատմում Գայանե Աբգարյանի որդին:

    IMG_1407

    IMG_1409 IMG_1413IMG_1415

    Գայանե Աբգարյանը պատրաստվում է դիմել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ վարչական դատարանը մյուս գործերի դեպքում շուրջ մեկ ամիս անց է որոշում կայացնում, իսկ Յազիչյանի դեպքում՝ 24 ժամում: «Չեմ կարող ասել, որ կանխակալ են, բայց դիմելու եմ ԱԱԾ, որպեսզի մեր անվտանգությունը պարզի, հնարավո՞ր է, որ նրանք՝ դատավորն ու Յազիչյանը, կապ ունեն միմյանց հետ»,-ասում է Աբգարյանը:

    Մեզ դիմած քաղաքացին տրամադրել է տեսանյութ, որում հարևան Յազիչյանը սպառնում է աշխատանքներ կատարող բանվորներին:

    Հավելենք, որ այս պահին ՀՀ Գլխավոր դատախազությունը գրություն է ստացել, թե Յազիչյանը զգուշացրել է Էդգար Հարությունյանին՝ սպառնալով կյանքին և առողջությանը վնաս հասցնել: Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում:

    Վերջում պետք է արձանագրենք, որ նման արատավոր երևույթները պախարակում են մեր պետությունը: Յազիչյանները քար են նետում Վալերի Օսիպյանի անվան, Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ պետի հեղինակության վրա, ու, ամենակարևորը, նման երևույթները պետք է արմատախիլ անել մեր նոր Հայաստանից:

    Հարություն Մկրտչյան

    scroll to top