Չորեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հոգեկան խանգարում ունի. ԵԿՄ փոխնախագահը՝ Կոռնիձորի Արոյին

    Հոգեկան խանգարում ունի. ԵԿՄ փոխնախագահը՝ Կոռնիձորի Արոյին

    Հոգեկան խանգարում ունի. ԵԿՄ փոխնախագահը՝ Կոռնիձորի Արոյին
    Հուլիս 11, 2018 16:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանն այսօր  մամուլի ասուլիսում անդրադարձել է Երկրապահ կամավորականների միության  (ԵԿՄ) փոխնախագահ Համլետ Հայրապետյանին. «Համլետ Հայրապետյանը ԵԿՄ-ի անցյալ չունի, այլ հայտնվել է ԵԿՄ-ում մատները լպստելու, թե՞ գրպանները լցնելու, չեմ կարող ասել, բայց կանոնակարգի համաձայն նա կարող է դատվել շանտաժ անելու համար: Քո վաճառած վկայականները ես քո դեմ կդնեմ,  քո կողմից 2-րդ կարգի հաշմանդամներ սարքած մարդկանց եւս կդնեմ քո դեմ»:

    Երևան Տոնավաճառ

    Արայիկ Խուդավերդյանը հայտարարել է՝ իրեն է տեսնում ԵԿՄ նախագահ:

    Araratnews.am-ը կապ հաստատեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանի հետ՝ նրա պարզաբանումը լսելու: «Չեմ ուզում ուրիշի ասածը մեկնաբանեմ: Առավելեւս ափսոսում եմ, որ պատերազմի բովով անցած մարդը հոգեկան խանգարում ունի: Ավելի լավ կլինի զբաղվի իր գործով:»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը:

    Համլետ Հայրապետյանը ներկայացրեց նաև իր կենսագրությունը: Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, եղել եմ  «Ղարաբաղ» կոմիտեի Ամարասի մասնաճյուղի նախագահ: «Ղարաբաղ» կոմիտեի հանձնարարությամբ ունեցել է ջոկատ, որի անդամները բռնել են Մասիսի թուրքերից մեկին. «Ես գալիս եմ ակունքներից: Մասնակցել եմ անգամ ապրիլյան պատերազմին եւ միայն 40 օր հետո եկել եմ վիրահատության»:

    Համլետ Հայրապետյանը հորդորում է Արայիկ Խուդավերդյանին մասնակցել համագումարին եւ ինքնաառաջադրվել:

    Ինչ վերաբերում է վկայականներ ու հաշմանդամության կարգ վաճառելուն, Համլետ Հայրապետյանը դա անհիմն համարեց, քանի որ  լավագույն ցանկության դեպքում չէր կարող այդպիսի  բան անել. «Ո՞վ էր առնելու ԵԿՄ-ի վկայականը: Հաշմանդամության վկայականն էլ տալիս են հատուկ հանձնաժողովներն ու որոշակի ընթացակարգով»:

    Մեր դիտարկմանը, թե տարիներ առաջ կային շշուկներ, որ ԵԿՄ-ը, ի դեմս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, արցախյան ազատամարտին չմասնակցածներին դարձնում է ԵԿՄ-ի անդամ, նրանց  համար երաշխավորում՝ որպես ազատամարտիկի, ԵԿՄ փոխնախագահն ասաց. «Կա մասնակցի, կարգավիճակի եւ ԵԿՄ անդամության  վկայական: ԵԿՄ անդամ կարող է լինել ցանկացած հայ մարդ անկախ նրանից կռվել է, թե ոչ: Ինչ վերաբերում է կարգավիճակին, դա մեծ պրոցեդուրա է: Մանվել Գրիգորյանը  չի տվել այդ վկայականները: ԵԿՄ բաժանմունքները տվյալ անձի  փաստաթղթերը ներկայացնում է ԵԿՄ վարչություն, որն էլ վերանայում է փաստաթղթերի ճշմարտացիությունը, որից հետո ԵԿՄ-ը ներկայացնում է պաշտպանության նախարարության համապատասխան հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը եղել է պաշտպանության  նախարարը, տեղակալներից մեկը՝ Մանվել Գրիգորյանը»:

    Արայիկ Խուդավերդյանը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել ԵԿՄ-ի ֆինանսավորումը: Ի պատասխան Համլետ Հայրապետյանն ասաց՝ որքանով տեղյակ է, հիմա՝ նոր իշխանության օրոք, ֆինանսավորում կառույցը չի ստանում, ի տարբերություն նախկին իշխանության: «Ես սխալ եմ համարում այդ հայտարարությունը: Եթե չլինի հովանավորություն, ԵԿՄ-ը կինքնալուծարվի: Ի՞նչ է նշանակում ֆինանսավորում չլինի: Զոհված, վիրավոր ազատամարտիկների խնդիրները ինչպես պետք է լուծվի»,- ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

    Սոնա Դավթյան

     


    Նման թեմաներ

    scroll to top