Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Հորդորում եմ զգուշանալ լարված տեղեկատվական թակարդներում հայտնվելու

    Հորդորում եմ զգուշանալ լարված տեղեկատվական թակարդներում հայտնվելու

    Հորդորում եմ զգուշանալ լարված տեղեկատվական թակարդներում հայտնվելու
    Մայիս 7, 2019 20:52 Իրավական, Լուրեր A+ / A-

    Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Առանձին լրատվամիջոցների կողմից փորձ է կատարվում Արցախի Հանրապետության նախագահների կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումին ի պատասխան տված ՀՀ դատախազության պարզաբանումը ներկայացնել այլ լույսի ներքո, մասնավորապես մատուցել որպես պատասխանատվությունից ՀՀ գլխավոր դատախազի խուսափելու փորձ՝ շահարկելով այն հանգամանքը, որ Ռ. Քոչայանին առնչվող քրեական գործը դեռևս դատավորի կողմից չի ընդունվել վարույթ:

    Հաշվի առնելով, որ արհեստականորեն, քրեադատավարական իրավակարգավորումներից անտեղյակության կամ բավարար չափով չտիրապետելու պայմաններում նմանատիպ հրապարակումները հղի են իրականությունը խեղաթյուրելու և հանրային կարծիքը մանիպուլացնելու վտանգով, անհրաժեշտ եմ համարում պարզաբանել հետևյալը:

    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանվում է. «Կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազի կողմից»: Այսինքն ակնհայտ է, որ դատախազը իրավասու է խափանման միջոց կալանքը փոփոխել կամ վերացնել, հետևաբար նաև դրանց վերաբերյալ դիմումները և միջնորդությունները քննարկման առարկա դարձնել միայն մինչդատական վարույթի ընթացքում:

    Իսկ քրեական դատավարության 6-րդ հոդվածի 5-րդ կետը, որը տալիս է «քրեական գործով մինչդատական վարույթ» հասկացության բացատրությունը, առավել քան պարզ սահմանում է, որ քրեական գործով մինչդատական վարույթն ընդգրկում է քրեական գործ հարուցելու հարցի լուծման պահից մինչև գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելու պահը:

    Իսկ ինչպես արդեն ՀՀ դատախազության կողմից պարզաբանվել է, նշված քրեական գործը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2019 թվականի ապրիլի 29-ին, ինչով, ըստ վերոնշյալ իրավակարգավորումների, քրեական գործով մինչդատական վարույթը համարվում է ավարտված:

    Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով խնդիրը, իր հանրային հնչեղությամբ պայմանավորված, հնարավոր որևէ տեսակի շահարկման առարկա դարձնելու, այդպիսով հասարակության ընկալումների վրա խաղալու և դիվիդենտներ քաղելու անթույլատրելիությունը՝ հորդորում եմ զգուշանալ լարված տեղեկատվական թակարդներում հայտնվելուց, անհասկանալի «տեղեկատվության աղբյուրների» իրավական տգիտությունը տիրաժավորելու գործիք դառնալուց և հրապարակումներում պահպանել մասնագիտական կոռեկտությունն ու բարոյական չափանիշները:


    Նման թեմաներ

    scroll to top