Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հովտաշենում յուղոտված փետուրներով արագիլները դեռ չեն թռչում

    Հովտաշենում յուղոտված փետուրներով արագիլները դեռ չեն թռչում

    Հովտաշենում յուղոտված փետուրներով արագիլները դեռ չեն թռչում
    Հուլիս 23, 2019 12:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օրեր առաջ համացանցում տարածվեցին Արարատի մարզի Հովտաշեն համայնքում սևացած և յուղոտված փետուրներով արագիլների նկարներ։ Տեսչական մարմնի աշխատակիցները յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխել են ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ պարզելու, թե ի՛նչ նյութերով են աղտոտվել թռչունները: Արագիլները այդ վիճակի պատճառով ո՛չ կարողանում են թռչել, ո՛չ էլ սնունդ հայթայթել ձագերի համար։

    Տեսչական մարմինն այժմ իրականացնում է Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:

    Երեկ տեղեկություն տարածվեց, որ արագիլների փետուրներին սննդային յուղ է, սակայն որտեղից է ծագում այն՝ դեռ պարզվում է։

    Araratnews.am-ը կապ հաստատեց Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանի հետ՝ պարզելու, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ վիճակում են գյուղի արագիլները։

    «Մեր գյուղում շատ արագիլներ կան, նախարարությունը, տեսչությունը գալիս են, ուսումնասիրություններ են անում։ Հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինեն արդյունքները»։

    Համայնքի ղեկավարը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են գյուղում արագիլներն այդ վիճակին հասել՝ պնդելով, որ համապատասխան կառույցները պատասխաններ կտան ուսումնասիրությունից հետո։

    «Բնապահպանական կառույցներից, հասարակական կազմակերպություններից եկան մաքրեցին, լողացրին։ Մեր համայնքն էլ օգնեց, օժանդակեց։ Բոլորը սրտացավ վերաբերմունք ունեն»,- ասաց նա։

    Հարցին՝ այսօր ինչ վիճակում են արագիլներ․ «Դեռ նույն վիճակն է, յուղոտված փետուրներով են։ Ես մասնագետ չեմ, չեմ կարող ասել։ Բայց մասնագետները լուրջ զբաղվում են, տեսնենք ինչ կլինի»։

    Իսկ նախորդ տարիներին եղե՞լ է նման դեպք․ «Այս կարգի չի եղել ոչ մի անգամ, չնայած ժողովուրդն ասում է, թե եղել է»։

    Համայնքի ղեկավարի խոսքով՝ Հովտաշենում կա 30-ից ավելի արագիլի բույն։

    Նշենք, որ խնդիրը միայն Հովտաշենում չէր, մարզի Դաշտավան գյուղի արագիլները ևս յուղոտված փետուրներով են։

    Իսկ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների ու մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ։


    scroll to top