Գլխավոր Լուրեր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

0
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ավելի վաղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի պաշտոնը:

«Այսօր իմ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը:

Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:

Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ»,- գրել էր Հարությունյանը: