Գլխավոր Լուրեր Հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը

Հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը

1
0

Armsport.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 5-ին Հյուսիսային պողոտա 8 հասցեում (Եվրոպայի հրապարակ) տրվել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

Հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես տվել են ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ՀՖՖ նախագահը խոսել է մրցաշարն ընդունելու կարևորության մասին․

«Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ֆուտբոլասերներ, Երևանի քաղաքապետի հետ տվեցինք սպորտային մեծ իրադարձության մեկնարկը. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է Երևանում:

Կարծում եմ՝ դա աննախադեպ սպորտային իրադարձություն է: Կարող ենք նշել, որ հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը: Այդ իրադարձություն էլ ավելի մեծ ճանաչում է բերելու մեր քաղաքին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այս գործում աջակցելու համար: Կարծում եմ՝ պետական մարմինները ևս կաջակցեն, և կկարողանանք կազմակերպել ֆուտբոլային մեծ տոն: Շնորհակալություն բոլորիդ այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար, ուրախ ենք այսօրվա համար»,- Վանեցյանի խոսքը մեջբերել է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Երևանում կայանալիք Եվրոպայի Մ19 առաջնության մասին իր կարծիքն է հայտնել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը.

«Շնորհակալություն մեր քաղաքում ֆուտբոլային այսպիսի միջոցառում կազմակերպելու համար: Մեր երկրի պատմության, երևի թե, խոշորագույն սպորտային իրադարձությունն է: Իրոք, հուլիս ամսվա ընթացքում Երևանն ու Հայաստանը կդառնան Եվրոպայի կենտրոնը: Քաղաքապետարանի ողջ անձնակազմը պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկներին և մասնակիցներին: Վստահեցնում եմ ձեզ՝ ամեն ինչ անցկացվելու է ամենաբարձր մակարդակով»,- ասել է Մարությանը։