Գլխավոր Լուրեր Հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել է 531 հրդեհի դեպք. ԱԻՆ

Հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել է 531 հրդեհի դեպք. ԱԻՆ

1
0

Հունիսի 12-ին «Հայացք» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի մամուլի ասուլիսը՝ ամառային ժամանակահատվածին բնորոշ խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով բուսածածկ տարածքներում հրդեհներին՝ բանախոսը նշեց, որ հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել է 531 հրդեհի դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 449-ով կամ 6,5 անգամ, որի պատճառով նախարարի հրամանով ԱԻՆ փրկարար ուժերն անցել են խստացված ռեժիմով ծառայության:

Հ. Խանգելդյանը նշում է, որ հրդեհների գերակշիռ մասի պատճառը մարդկային գործոնն է:

«Եթե հիմք վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել է բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում, հասկանալի է, որ պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին շատ զգոն լինել հատկապես բնության գրկում, չնպաստել արհեստական, անթույլատրելի գործողություններով հրդեհային վիճակի վատթարացմանը:

«Մեր քաղաքացիներն ահազանգում են «911» ծառայություն ոչ միայն դեպքերի ու պատահարների դեպքում, այլ նաև ցանկացած կենցաղային հարցի շուրջ։ Մեր ծառայությունում հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 8783 դեպք, որից 3852-ը՝ արտակարգ, իսկ 2869-ը՝ կենցաղային բնույթի: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ցանկացած ավելորդ կրակի գոյացում, ծխախոտի, տարայի նետում կարող է հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց Հ. Խանգելդյանը։

Անդրադառնալով օձերի հայտնաբերման և խայթման դեպքերին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է օձի խայթոցի 32 դեպք, մեկ մարդ մահացել է:

Ըստ Հ. Խանգելդյանի՝ օձերը խայթում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում բնակվում է օձերի 21 տեսակ, որից միայն 4-ն է թունավոր (իժի 3 տեսակ և գյուրզայի 1 տեսակ):