Չորեքշաբթի , 13 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Մամուլ » «ՀԺ». Ինչո՞ւ է նյարդային ՀՀ-ում ՌԴ դեսպանը, մի՞թե չի հավատում Շարմազանովին

«ՀԺ». Ինչո՞ւ է նյարդային ՀՀ-ում ՌԴ դեսպանը, մի՞թե չի հավատում Շարմազանովին

Սեպտեմբեր 13, 2017 8:30 Մամուլ A+ / A-

default (2)

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայատանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայ լրագրողների հարցերին պատասխանելիս հունից դուրս է եկել. «Դուք այլ թեմաներ չունե՞ք, ինչքա՞ն կարելի է դրա մասին խոսել, այդտեղ ամեն ինչ հասկանալի է, Ռուսաստանի ղեկավարությունն այդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել է »,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը, պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին:

Դիվանագետները եւ մասնավորապես դեսպանները ցանկացած պարագայում հավասարակշռությունը պահպանելու նախանձելի հատկություն ունեն: Որպես կանոն՝ նրանց դժվար է հունից հանել, որովհետեւ ամենաբարդ ու անցանկալի հարցին էլ նրանք կարողանում են դրա հետ որեւէ առնչություն չունեցող պատասխան հորինել: Ասենք, հարցը վերաբերում է տանձին, իսկ իրենք լուրջ դեմքով խոսում են խնձորի մասին:

Այս անգամ Իվան Վոլինկինը չի կարողացել դասական այդ հնարքը կիրառել եւ դեսպանին ոչ բնորոշ գրգռվածություն է դրսեւորել:

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հին սերնդից է եւ փորձված դիվանագետ, ուստի պետք է լուրջ պատճառներ ունենար բռնկման համար:

Պատճառներից մեկը հենց հարցի համատեքստն է եղել: Բանն այն է, որ լրագրողները նրան հարց են ուղղել, թե որքանով է տրամաբանական, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միենույն ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արեւմուտքին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։

Պաշտոնական Երեւանը Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքը համարում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կնճիռը: Այս մասին բազմիցս է խոսվել ամենաբարձր մակարդակով, իսկ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն անգամ դեմ առ դեմ բացատրություն էր պահանջում ռուսական կողմից: Եվ այնուամենայնիվ, զենքի մատակարարումը անխափան շարունակվում է: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի հայտնի մեղադրանքը Ուկրաինային զենք վաճառելու հետ կապված՝ լուրջ խաղաքարտ է դարձել Հայաստանի ձեռքին: Առաջին հերթին հենց այս հանգամանքն է դեսպանին հունից հանել, որովհետեւ իրականում այդ փաստարկին հակադարձելու ոչինչ չկա:

Մյուս կողմից, Երեւանում կրկին գլուխ են բարձրացրել հակառուսական տրամադրություները, իսկ ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախաձեռնությունը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին, առաջին հերթին համարվում է հարված՝ ուղղված ՌԴ-ին:

Դեսպանն, ընդ որում, այս թեմայով հարցին շատ ավելի ինքնավստահ է պատասխանել. «Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, ուրիշ հարց է, թե որքանով է դա պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ հեռանկարին, որովհետեւ նրանք տեսնում են ԵՏՄ-ի կազմում գտնվելու ակնհայտ առավելությունները»։

Վոլինկինն, իհարկե, չի կարող տեղյակ չլինել, որ արդեն տեւական ժամանակ է, ՀՀԿ-ականները փորձում են հանրությանը ներկայացնել ԵՏՄ-ում գտնվելու ակնհայտ առավելությունները, սակայն առայժմ համոզիչ ցուցանիշներ չեն կարողանում բերել:

Գուցե նաեւ դա է ընդհանուր լարվածության պատճառը, որովհետեւ մի կողմից հանրության, քաղաքական, մտավորական էլիտայի մեջ Ռուսաստանի հանդեպ արդարացված դժգոհություն կա Ադրբեջանին զենքի վաճառքի պատճառով, մյուս կողմից փաստարկները, թե ինչ է շահում ՀՀ-ն ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունից, էապես կաղում են: Այդ դեպքում, բնականաբար, մեծ է վտանգը, որ Հայաստանում «Ելքի» նախաձեռնությունը թափ կհավաքի սրանից բխող հետեւանքներով:

Տարօրինակն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում՝ ապացուցելու համար, որ իրենց չեն կիսում ընդդիմության մոտեցումները եւ ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին այլընտրանք չեն տեսնում: Էդուարդ Շարմազանովը արդեն երկու շաբաթ այս թեմայով հարցազրույցներ է տալիս, իսկ այսօր անգամ ամբիոնից իր հայտարարությունը նվիրել է սրան:

Զուգահեռաբար իշխանությունը հոգ է տանում, որ հակառուսական տրամադրությունները հնարավորինս քողարկվեն եւ ջրի երես դուրս չգան: Դրա համար նույնիսկ դիմում են աբսուրդ քայլերի, ինչպես Թումանյանի տուն-թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության արգելքն է:  Ցուցադրությունը նվիրված է Ստալինյան ռեպրեսիաների 100-րդ տարելիցին, իսկ իշխանության ներկայացուցիչները դրա մեջ հակառուսական քաղաքական էլեմենտ են տեսել:

Նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ն թույլ չի տալիս քննարկում ծավալել Երեւանի որոշ փողոցներ վերանվանելու՝ ավագանու «Ելք» խմբակցության առաջարկի շուրջ: Այստեղ նույնպես հակառուսական էլեմենտ է նշմարում, հատկապես որ ՌԴ քաղաքական շրջանակներից չհապաղեցին իրենց վրդովմունքը հայտնել այդ գաղափարի նկատմամբ:

Թվում է, շուտով երեւանյան բիսեդկաներում զրույցների ժամանակ ՌԴ-ի դեմ որեւէ խոսք ասելու արգելք կսահմանվի:

Եվ այս իրավիճակում առնվազն տարակուսելի է, թե ինչու է նյարդայնացած Իվան Վոլինկինը: Միթե ռուս բարեկամները չեն հավատում իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ Հայաստանը ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ին այլընտանք չունի, չի ունեցել եւ տեսանելի ապագայում չի ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top