Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Ի՞նչ արժույթով պահել կուտակած խնայողությունները. Ատոմ Մարգարյան

    Ի՞նչ արժույթով պահել կուտակած խնայողությունները. Ատոմ Մարգարյան

    Ապրիլ 12, 2018 17:25 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների պատճառով ռուբլին արժեզրկվում է: Սրան զուգահեռ այսօր Հայաստանի մի քանի բանկերում դոլարի ու եվրոյի փոխարժեքը բարձրացել է մոտավորապես 5 դրամով: Ինչպե՞ս  կանդրադառնա ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը: Այս  հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցեց «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

    ատոմ մարգարյան

    Պարո՛ն Մարգարյան, քաղաքացիները մտահոգված են ռուբլու արժեզրկումից: Ոմանք նույնիսկ սոցիալական ցանցերում գրել են, թե իրենց խնայողությունները որ արժույթով պահեն՝ դրամո՞վ, դոլարո՞վ, թե՞ եվրոյով: 

    Պետք է պահել մի քանի արժույթով, եթե խնայողությունները մեծ են: Իհարկե նախընտրելի է խնայողությունը դրամով պահել, քանի որ այն համեմատաբար կայուն արժույթ է, արժեզրկվելու միտում չունի, ավելին՝ փոխարժեքը հավասարակշռող գործոններն ավելի շատ են: Երկրները, նաև Հայաստանը դիվերսիֆիկացնում են արժութային պահուստները: Բայց միայն արժույթներով խնդիրը չի լուծվում: Շատ ավելի հուսալի ակտիվներ կան, որոնցից մեկը թանկարժեք մետաղներն են: Պատահական չէ, որ ոսկու գներն աճել են: Ոմանք ցանկանում են իրենց  խնայողությունները ներդնել կրիպտոարժույթով, բայց դա էլ հուսալի չէ: Սակայն չէի ցանկանա ազդել մարդկանց  նախընտրությունների վրա:

    Ռուսական ռուբլու արժեզրկումից հետո այսօր Հայաստանի մի քանի բանկերում դոլարի, եվրոյի փոխարժեքը բարձրացել է: Սա օրինաչա՞փ է:

    Դա այլ գործոնների արդյունք է: Այն, ինչ անում է ԱՄՆ նախագահը, դոլարը խոցելի է դարձնում: Եվրոյի ամրապնդումը եվրագոտու ավելի ստաբիլ, կանխատեսելի վիճակի հետեւանք է: Այս տենդենցը կա միջազգային վալյուտային շուկայում, նաև` Հայաստանում:

    Ի՞նչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը մեր տնտեսության վրա: 

    Ազդեցությունը կարող է լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Ամեն դեպքում ազդեցությունն անբարենպաստ է լինելու: Կրճատվելու են Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտները, արժեզրկվելու են Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտները: Ռուսական տնտեսությունը դառնում է խոցելի. պահանջարկն ընկնում է նաև այն ապրանքների հանդեպ, որոնք արտահանում են հայ արտադրողները՝ գյուղատնտեսական մթերք, սպիրտային խմիչք, ծխախոտ, մեքենաշինական, տեքստիլ արտադրանք: Ազդեցություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի սառեցումն է: Խոսքը Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների կապիտալի մասին է: Ռուսական տնտեսությունը դեռ ծանր հարվածներ չի ստանում, քանի որ նավթի գներն են կայուն: Այդ ազդեցությունը կխորանա, եթե նավթի գների որոշակի անկում արձանագրվի:

     Ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը ռուբլու արժեզրկման բացասական  ազդեցությունից խուսափելու համար: 

    Այս պահին լուրջ քայլերի անհրաժեշտություն չկա, որովհետեւ դրանք իրավիճակը դեռ զգացնել չի տալիս: Հարկավոր է նկատի ունենալ, որ արտաքին շուկաներում փոխարժեքի գնային ցնցումները պետք է հարկադրեն մեր բիզնեսմեններին դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները մեր տնտեսությունում աշխատատեղերի ստեղծման, եկամուտների ռեալ ձեւավորման մասով: Կառավարությունը պետք է մտածի ներմուծման ծրագրերի փոխարինման մասին. խթանել ներքին ներդրումները, փորձել ակտիվները կառավարել՝ բալանսավորելով դրանք: Մեր արտաքին արժութային պահուստները բավարար են, որ միջնաժամկետ հատվածում փոխարժեքի հնարավոր ցնցումները  համահարթվի: ԵԱՏՄ մեր գործընկերները՝ Բելառուսը, Ղազախստանը, սահուն արժեզրկում են իրենց ազգային արժույթը ռուբլու արժեզրկմանը զուգահեռ,  սակայն դա մեզ համար ցանկալի սցենար չէ: Մեր տնտեսությունը նստած է ներմուծումների վրա, հետևաբար, ազգային արժույթն արժեզրկելը կարող է թանկացնել ներմուծումը:

    Փոխարժեքի նման տատանումների  դեպքում մտահոգիչ չէ՞ Հայաստանի ոսկու պաշարների սակավությունը: 

    Եթե խոսքը պետական ռեզերվների մասին է, Հայաստանը տպավորիչ աճ  է արձանագրել ոսկու արդյունահանման, արտադրության բնագավառում: Ցավոք, մեր պետությունը՝ Կենտրոնական բանկը, դիվերսիֆիկացման մասին խոսելիս այդ թեման ուշադրության կենտրոն չի բերել՝ արժութային պահեստների մի մասը վերածել մետաղական ոսկու: Նկատի ունենալով այս զարգացումները՝  պետք է մտածել մետաղական ոսկու պաշարներ  կուտակելու մասին:

    Սոնա Դավթյան

    scroll to top