Գլխավոր Լուրեր Ի՞նչ է նշանակում Իգնատի Առաքելյանի «մարդը». Գեղամ Գեւորգյանը՝ պատգամավորին

Ի՞նչ է նշանակում Իգնատի Առաքելյանի «մարդը». Գեղամ Գեւորգյանը՝ պատգամավորին

3
0

Ինչո՞ւ է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վարչապետն առաջարկել գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս հարցն այսօր հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյանը հիշեցրեց՝ Գեղամ Գևորգյանի գլխավորած հիմնադրամը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող չրի արտադրամասին դրամաշնորհ էր տրամադրել: Միգուցե Ավինյանը վարձահատո՞ւյց է լինում:

ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն հակադարձեց՝ Ավինյանի ընտանիքի արտադրամասին դրամաշնորհ տրամադրելու գործընթացը սկսվել է շուտ, և դրա գրեթե բոլոր փուլերը ավարտված են եղել մինչև հեղափոխություն սկսվելը և Ավինյանի՝ փոխվարչապետ նշանակվելը: «Ի՞նչ վարձահատույց լինելու մասին է խոսքը: Մեր հիմնադրամը թափանցիկ է աշխատել, քանի որ պետք է վախենայինք որեւէ ընդդիմադրի դրամաշնորհ տալ: Հազիվ թե մտածեք, որ կարող էի կանխատեսել՝ կլինի հեղափոխություն, եւ պարոն Ավինյանն էլ կդառնա փոխվարչապետ: Եթե կարծում եք՝ նման կանխագուշակումներով եմ զբաղվում, ուրեմն այս ոլորտում լուրջ պոտենցիալ ունենք»,- մանրամասնեց Գեղամ Գեւորգյանը:

Արման Բաբաջանյանը նաև հիշեցրեց՝ Գեղամ Գեւորգյանը եղել է «Իգնատի Առաքելյանի մարդը», ինչպե՞ս եղավ, որ  այս կառավարությունում սկսեց աշխատել: «Անկեղծ ասած, ես մինչև այսօր գիտեի ուրիշ մարդու մարդն եմ, ի՞նչ ա նշանակում՝ Իգնատի Առաքելյանի մարդը: Տասը տարուց ավել ես աշխատում եմ կառավարման համակարգում»,- պատասխանեց ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն: