Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Ի՞նչ է սպասում լրագրողներին քաղաքապետարան մուտք գործելիս. Մարգարյանն անցել է պաշտպանության

    Ի՞նչ է սպասում լրագրողներին քաղաքապետարան մուտք գործելիս. Մարգարյանն անցել է պաշտպանության

    Ի՞նչ է սպասում լրագրողներին քաղաքապետարան մուտք գործելիս. Մարգարյանն անցել է պաշտպանության
    Մարտ 13, 2018 12:02 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մարտի 19-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու այս տարվա երկրորդ նիստը: Երեւանի ավագանու սկանդալային նիստից հետո քաղաքապետարանում  էական փոփոխություններ տեղի ունեցան, այդ թվում եւ լրագրողների՝ ավագանու նիստերը լուսաբանելու կարգում: Հիշեցնենք, որ նախկինում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն էին ունենում գտնվել նիստերի դահլիճում եւ տեղում իրականացնել իրենց լրագրողական մասնագիտական գործունեությունը: Ավագանու սկանդալային նիստից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց մշակել նոր ընթացակարգ, որով կանոնակարգվելու էր լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում: Այլ կերպ ասած, սահմանափակվելու էր ԶԼՄ-ների աշխատանքը: Սա առաջացրեց Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների, ինչպես նաեւ լրագրողական կազմակերպությունների դժգոհությունը: Վերջիններս պահանջեցին չեղյալ համարել որոշումները, որով սահմանափակվելու է լրագրողների աշխատանքը:

    Երեւանի քաղաքապետարանից վերջնականապես չեն հստակեցրել, թե այսուհետ ինչպես են աշխատելու լրագրողները ավագանու նիստերի լուսաբանման ժամանակ: Մարտի 19-ին հնարավորություն կընձեռվի՞ արդյոք ներկա լինել նիստերի դահլիճում եւ անձամբ տեսանկարահանումներ անել, թե՞ լրագրողները նիստին հետեւելու են մամուլի սրահից, ինչպես, օրինակ` կառավարության նիստերի ժամանակ է արվում: Նշենք, որ գործադիրի շենքում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներից օպերատորներին հնարավորություն է ընձեռվում մի քանի րոպե կադրեր ֆիքսել, իսկ լրագրողները՝ մամուլի սրահում տեղադրված հեռուստաէկրանի միջոցով են հետեւում նիստում: Իհարկե, առաջիկայում կառավարությունը այս հնարավորությունը եւս չի ընձեռելու, եւ նիստերը դռնփակ են լինելու:

    Araratnews.am-ը  Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչ ընթացակարգ է գործելու քաղաքապետարանում, եւ ինչպես են աշխատելու լրագրողները: Գեւորգյանը չմանրամասնեց, հայտնեց, որ կգա նիստի օրը` լրագրողները տեղում կիմանան: Ճշտող հարցին, թե ավագանու նիստերը լուսաբանելու հնարավորություն կլինի՞, քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասաց` այո, միաժամանակ այդպես էլ չհստակեցնելով, թե դրական պատասխանը ենթադրում է, որ նախկինի նման նիստերի դահլիճի՞ց են հետեւելու, թե՞ արդեն իսկ փոփոխված ընթացակարգով:

    Նկատենք, որ հնարավոր փոփոխությունները, որոնք կատարվել են, հանրային քննարկման չեն դրվել, այս պարագայում՝ լրագրողների շրջանում չեն արվել: Թեմայի առնչությամբ Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել միայն ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ: Վերջինս սակայն իրավասու չէ խոսել լրագրողական ամբողջ հանրության անունից:

    Միաժամանակ նշենք, որ հերթական նիստը լուրջ փորձություն է ոչ միայն ավագանու ՀՀԿ անդամների, այլ նաեւ Տարոն Մարգարյանի համար: Սկանդալային զարգացումների, որոնք տեղի ունեցան տարեսկզբին, հերթական անգամ կրկնվելը կարող է վճռորոշ լինել շատերի համար:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top