Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Ի՞նչ են քննարկել «Ելք» դաշինքում. փողոցային պայքարի հարցը չի փակվել

    Ի՞նչ են քննարկել «Ելք» դաշինքում. փողոցային պայքարի հարցը չի փակվել

    Ի՞նչ են քննարկել «Ելք» դաշինքում. փողոցային պայքարի հարցը չի փակվել
    Մարտ 14, 2018 12:51 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Այս պահին «Ելք» դաշինքում քննարկվում է փողոցային պայքարի տարբերակ, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բայց այդ տարբերակի հետ կապված վերջնական որոշում, կոնսենսուս առայժմ չկա, բայց հարցը բաց է, փակված չէ, եւ  մենք շարունակում ենք լսել առաջարկներ մեր գործընկերներից, քննարկել, մեր հակափաստարկները ներկայացնել եւ առաջիկայում՝ ուրբաթ օրը, կներկայացնենք մեր վերջնական որոշումը»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած «Ելք» դաշինքի նիստին:

    Նշենք, որ դաշինքի անդամները քննարկում են Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու փողոցային տարբերակը, որն առաջարկել է Նիկոլ Փաշինյանը: Դաշինքի երկու ուժեր` «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը», առայժմ դեմ են փողոցային պայքարի տարբերակին:  «Նրանք ունեն վերապահումներ եւ իրենց առաջարկները, բայց մի բանի հետ կապված մենք ունենք վերջնական համաձայնություն եւ վերջնական հայտարարել ենք, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն անընդունելի է, եւ անփոխարինելի մարդիկ չպետք է լինեն, եւ այդ մշակույթը չպետք է ներդրվի, քանի որ Հայաստանը կնմանվի այն երկրներին, որոնք հեռու են ժողովրդավարությունից»,- ասաց Լենա Նազարյանը:

    Ըստ նրա`  այս ամենը կանխելու վերաբերյալ տարբեր առաջարկներ կան: Դիտարկմանը, թե ինչ առաջարկներ են ներկայացնում դաշինքի մյուս երկու ուժերը, պատգամավորը պատասխանեց. «Օրինակ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ասում է, որ  ինչ-որ բան փոխելու  հնարավորությունը տրված էր ընտրությունների ժամանակ: Սխալ բան չի ասում, բայց մենք կարծում ենք, որ անկախ դրանից, ե՛ւ Սահմանադրական փոփոխությունները, ե՛ւ  ընտրությունները կայացել են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ասել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին եւ առհասարակ սխալ է համարում երրորդ ժամկետին գնալը»:

    Հիմա, ըստ Լենա Նազարյանի, քաղաքական ուժերը եւ քաղաքացիները, տեսնելով, որ ՀՀԿ-ի վարչապետի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, կփոխեն իրենց դիրքորոշումը:

    Նշենք, որ երեկ տեղի ունեցած նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր.  «Մենք «ճանապարհային քարտեզը» շատ մանրամասն ենք քննարկում, ամեն դետալները բուռն քննարկման առիթ ենք դարձնում: Այդ «քարտեզի» շուրջ կան առաջարկներ, և մենք որոշեցինք վերջնական որոշումից առաջ այդ առաջարկները քննարկել, ի վերջո, գալ վերջնական եզրակացության»:

    Ինչ վերաբերում է Ազատության հրապարակ գործուղվելու շուրջ տարաձայնություններին, Փաշինյանն ասել էր. «Մենք ոչ թե քննարկում ենք տարաձայնություններն ինչի մասին են, այլ դրանք հաղթահարելու հարցը։ Եվ այնտեղ, որտեղ կա տարընթերցում, փորձում ենք  այդ հարցերը քննարկել»։

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top