Գլխավոր Լուրեր Ի՞նչ կարգավիճակով Բակո Սահակյանը կներկայանա դատարան

Ի՞նչ կարգավիճակով Բակո Սահակյանը կներկայանա դատարան

7
0

Այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին դատարան կներկայանան Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։

Araratnews.am-ը կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու՝ արդյոք  Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Քոչարյանի գործով դատարան ներկայանալը հաստատվա՞ծ է, և եթե այո, ապա ո՞ր ժամին կներկայանա։

«Ես չեմ կարող հստակ ասել՝ գալո՞ւ է, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ գա։ Եթե գա՝ կտեսնեք»,- ասաց Բաբայանը։

Իսկ Բակո Սահակյանը դատարանում ներկայանալու է Արցախի՞ անունից։

«Այս գործում նախագահը հանդես է գալիս լոկ որպես անձ։ Սա մարդասիրական քայլ է, ո՛չ Արցախի իշխանությունների, ո՛չ ժողովրդի անունից է ներկայանալու։ Բակո Սահակյանը զբաղեցնում է Արցախի նախագահի պաշտոնը, Արկադի Ղուկասյանն էլ նախկին նախագահն է, և սա իրենց անձնական  նախաձեռնությունն է։ Որովհետև Արցախը չի խառնվում մայր Հայաստանի ներքին քաղաքականությանը և հակառակը»,- նշեց Բաբայանը։

Բայց, այնուամենայնիվ, Բակո Սահակյանն ընկալվում է որպես երկրի նախագահ, դիմումի մեջ էլ նշվել է, որ ինքը Արցախի նախագահն է։

«Յուրաքանչյուր դիմումի մեջ պետք է նշել, թե ով է գրողը՝ նախագահ լինի թե վարորդ։ Հետևաբար, այս տեսանկյունից պետք է դիտարկել դիմումի մեջ նախագահ լինելու հանգամանքը, ոչ թե լավ շահարկման առիթ տվող տեսանկյուններից»,- շեշտեց Բաբայանը։