Գլխավոր Լուրեր IHC Armenia 2019 –ը Հայաստան է բերեց ճողվածքների բուժման արդիական մեթոդներ

IHC Armenia 2019 –ը Հայաստան է բերեց ճողվածքների բուժման արդիական մեթոդներ

6
0

IHC Armenia 2019 միջազգային կոնֆերանսը Հայաստանում կազմակերպվեց առաջին անգամ:Մինչ այդ ամեն տարի Միջազգային հերնիա համագործակցության (IHC) խմբի կոնֆերանսները տեղի են ունեցել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Հնդկաստանում և այլն: Այս տարի այն Հայաստանում անցկացնելու առաջարկը IHC նախագահին արել էր ամերիկահայ ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջինյանը, և համաձայնությունը ստանալուց հետո  հայաստանյան գործընկերների հետ ձեռնարկել դրա կազմակերպումը:  Կոնֆերանսի աջակիցներն են Վիրաբույժների հայկական ասոցիացիան, Հայամերիկյան բժշկական կենտրոնը և Հայկական բժշկական միջազգային կոմիտեն:

Կոնֆերանսը նվիրված է ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին և նպատակ ունի հայ վիրաբույժներին հենց Հայաստանում ծանոթացնել համաշխարհային ճանաչում ունեցող վիրաբույժների հետ և ներգրավել նրանց IHC խմբում՝ նոր կապեր ստեղծելով աշխարհի տարբեր ծայրերում աշխատող իրենց վիրաբույժների հետ: Միջազգային կոնֆերանսին մասնակցում էին ավելի քան 150 վիրաբույժներ 20 երկրներից: Հաճախ չէ ընձեռվում այսպիսի հնարավորություն. հանդիպել աշխարհի տարբեր կողմերում աշխատող կոլեգաներիդ, լսել նրանց կարծիքը այս կամ այն մասնագիտական խնդրի շուրջ և  վերջապես, ծանոթանալ աշխարհահռչակ բժիշկների փորձի հետ, տեսնել նրանց կատարած վիրահատությունները: Կոնֆերանսի բանախոսներն էին հռչակավոր վիրաբույժներ Ֆիլիպ Մայսոմսը (Բելգիա),  Թալար Թեջիրյանը (ԱՄՆ), Շիրին Թոֆիգը (ԱՄՆ), Մերսեդեհ Բաղայը (ԱՄՆ), Վլադ Բուրդակովը (Ռուսաստան), Լևոն Գրիգորյանը (Հայաստան): 

Արդի բժշկությունը ստեղծել է ճողվածքի բուժման բավական արդյունավետ մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք պակաս ինվազիվ են, մինիմալի են հասցնում ճողվածքների կրկնակի առաջացումներն ու հետվիրահատական բարդացումները: Բելգիայի առաջատար մասնագետ Ֆիլիպ Մորիսը քիչ ինվազիվ լապարասկոպիկ մեթոդով հաջող վիրահատությունների ծանրակշիռ փորձ ունի: Կոնֆերանսի ժամանակ նա իր հարուստ պրակտիկայից մի քանի դրվագ ներկայացրեց հայ վիրաբույժներին, ի դեպ շրջանցելով ռոբոտ ասիստենտի կիրառությամբ վիրահատության իր փորձերը: Ու մեր օրերում, երբ աշխարհում արդեն ռոբոտացված վիրահատական միջամտությունների փորձեր են արվում, Հայաստանում դեռ շարունակում է շատ փոքր տոկոս կազմել լապարասկոպիկ վիրահատությունների թիվը, այն դեպքում, երբ դրանք ունեն բազմաթիվ դրական ցուցումներ:

Այս կոնֆերանսը և աշխարհահռչակ մասնագետների փորձի փոխանցումը կօգնի, որ հայ վիրաբույժները ավելի խորացված գիտելիքներ ստանան ճողվածքների լապարասկոպիկ վիրահատությունների մասին և հայտնի մասնագետների փորձով հաստատված նորարարական մեթոդների հետ ծանոթանան, սկսեն դրանք ավելիհաճախ կիրառել պրակտիկայում: Հայաստանից կոնֆերանսի բանախոս, ընդհանուր վիրաբույժ, Միջազգային ճողվածքաբանական համագործակցության և Ճողվածքների եվրոպական միության անդամ Լևոն Գրիգորյանը կոնֆերանսի անցկացումը կարևորում է առաջին հերթին այն առումով, որ այն խթան կհանդիսանա ճողվածքների լապարասկոպիկ միջամտությունների պրակտիկայի զարգացման համար. «Ճողվածքները վիրաբուժական ամենատարածված պաթոլոգիաներն են, այս կոնֆերանսի խնդիրն է Հայաստան բերել ու կիրառել քիչ ինվազիվ լապարասկոպիկ այն մեթոդները, որոնք փորձված են, ապահովում են ավելի լավ արդյունքներ: Իհարկե որոշ մեթոդներ մեր երկրում արդեն կիրառվում են, բայց պետք է թարմացնել գործիքակազմը, չզիջել համաշխարհային զարգացումներին, կատարելագործել գիտելիքները, գործնական հմտությունները»: