Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Արցախ » Իմ նպատակներից է լինելու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը. Արցախի ՄԻՊ

    Իմ նպատակներից է լինելու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը. Արցախի ՄԻՊ

    Իմ նպատակներից է լինելու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը. Արցախի ՄԻՊ
    Նոյեմբեր 6, 2018 20:53 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջիկա ամիսներին պատրաստվում է հանդիպել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Արցախի տարբեր շրջանների բնակիչների հետ, վեր հանել ոլորտում առկա խնդիրները, եղած դժգոհությունները և իր լիազորությունների շրջանակներում դրանց լուծումներ առաջարկել: «Արմենպրես»-ըզրուցել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ պարզելու, թե որոնք են լինելու նորընտիր պաշտպանի առաջնային քայլերը և ծրագրերը:

    Երևան Տոնավաճառ

    -Պարոն Բեգլարյան, հոկտեմբերի 31-ին ԱՀ Ազգային Ժողովի կողմից դուք ընտրվեցիք Մարդու իրավունքների պաշտպան: Որո՞նք են լինելու ձեր առաջին քայլերը և հրատապ լուծում պահանջող ծրագրերը:

    -Ես շարունակելու եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը: Առաջիկա օրերին պլանավորում եմ հանդիպումներ պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները, եղած դժվարությունները և նաև այդ խնդիրների լուծման հնարավոր տարբերակները: Իհարկե, համակարգում նոր չեմ, գրեթե մեկ տարի զբաղեցրել եմ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, բայց անհրաժեշտ եմ համարում նոր կարգավիճակով հնարավորություն ունենալ ծանոթանալու խնդիրներին, որպեսզի ինքս ինձ համար կարողանամ պլանավորել հետագա աշխատանքները: Նախատեսում եմ նաև այցելել Արցախի տարբեր շրջաններ՝ տեղերում հանդիպելու բնակչության հետ: Այցելություններ եմ ունենալու նաև փակ և կիսափակ հաստատություններ: Երկարաժամկետ աշխատանք է անհրաժեշտ բոլոր ոլորտներում՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանի, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ իշխանությունների բոլոր ճյուղերի մասնակցությամբ: Բնականաբար, շատ կարևոր է գործադիր իշխանության հետ պատշաճ համագործակցությունը, փոխադարձ վստահությունը, և ես փորձելու եմ այդ սկզբունքների հիման վրա ՄԻՊ աշխատանքները ծավալել՝ նպատակ ունենալով արձանագրել երկարաժամկետ արդյունքներ: Առանձին ուշադրություն եմ դարձնելու երեխաների իրավունքների պաշտպանությանը: Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնահերթություն է լինելու նաև հաշմանդամություն ունեցողների, տարեցների և մի շարք այլ սոցիալապես ավելի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը:

    -Իսկ զորամասեր այցելություններ լինելո՞ւ են:

    -Իհարկե, զորամասեր այցելություններին ևս առաջնային նշանակություն եմ տալու, բայց նախքան հետազոտությունները դեռ պետք է նախապատրաստենք դրանց մեթոդական հենքը, և նաև աշխատակիցները նախապատրաստվեն մեթոդական առումով` ունենան համապատասխան ուղեցույցներ, որպեսզի հնարավորինս արդյունավետ հետազոտություններ կատարենք: Դա վերաբերում է և՛ զորամասերին, և՛ մնացած բոլոր ուղղություններին:

    -Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության ուղղությամբ:

    -Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ նախորդի՝ Ռուբեն Մելիքյանի կողմից: Ես շարունակելու եմ նույն կուրսը` ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ մեր միջազգային գործընկերների հետ, և փորձելու եմ ընդլայնել աշխարհագրությունը ու խորացնել այդ համագործակցության ծրագրերը տվյալ գործընկերների հետ: Այդ ուղղությամբ իմ գործունեության գլխավոր սկզբունքն ու փաստարկը լինելու է մարդու իրավունքների համընդհանրությունը՝ ներկայացնելով, որ Արցախը չպետք է զրկված լինի մարդու իրավունքների գլոբալ համակարգի մասը կազմելու հնարավորությունից իր քաղաքական կարգավիճակի պատճառով:

    -Արդյոք ավելացե՞լ է քաղաքացիների դիմումների քանակը Մարդու իրավունքների պաշտպանին:

    -2017 թվականին դիմումների քանակը եղել է 119, և վերջին տարիներին տարեկան մոտավոր նույնքան դիմում է ստացել ՄԻՊ աշխատակազմը: Վերջին ամիսներին դիմումների քանակի աճի որոշակի միտում կա, և, կարծում եմ, այս տարի այն հնարավոր է միջինից ավելին լինի: Բնականաբար, իրավագիտակցության խնդիր կա, քանի որ երբեմն դիմումներ ենք ստանում, որոնք ընդհանրապես մեր լիազորությունների շրջանակում չեն, սակայն դարձյալ փորձում ենք հնարավորինս աջակցել մարդկանց` առնվազն իրավական խորհրդատվություն տալով, թե ինչպես կարող են իրենց իրավունքները պաշտպանել: Իմ նպատակներից մեկը լինելու է քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը և մարդու իրավունքների պաշտպանության համապատասխան մշակույթի բարելավումը, որը լայն աշխատանքի անհրաժեշտություն ունի և՛ կրթական և ու տեղեկատվական համակարգերի հետ գործունեության միջոցով, և՛ մի շարք այլ ուղղություններով:

    -Արդյոք դիտարկո՞ւմ եք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունը:

    -Օրենքը նման հնարավորություն տալիս է, և այդ մեխանիզմը կա: Իհարկե, աշխատակազմի հնարավորությունները բավականին սահմանափակ են , բայց այնքանով, որքանով մեր հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում մենք կկարողանանք վեր հանել օրենսդրական խնդիրները, բնականաբար, փորձելու ենք մասնակցություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական դաշտի բարելավման գործում:


    Նման թեմաներ

    scroll to top