ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում կայցելի Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Araratnews.am-ը քաղաքագետ Սուրեն Սարգսյանին հարցրեց՝ ի՞նչ սպասել Բոլթոնի այս այցից, հավաստի՞ են այն լուրերը, որ Բոլթոնը ադրբեջանամետ գործիչ է: «Համաձայն չեմ, որ Բոլթոնն աջակցում է Ադրբեջանին: Նա փորձառու գործիչ է եւ կողմնակից է լինելու հավասարակշռվածությանը: Դրա համար էլ գալու է ե՛ւ Ադրբեջան, ե՛ւ Հայաստան»,- ասաց քաղաքագետը:
Սուրեն Սարգսյանն ասաց՝ Ջոն Բոլթոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հեղինակներից է: «Ադրբեջանը փորձում է միֆ ստեղծել, որ Բոլթոնը հակահայկական գործիչ է, բայց դա այդպես չէ: Ադրբեջանցիները բավական ակտիվ աշխատում են Բոլթոնի հետ: Աշխատանքի արդյունքներից մեկն այն է, որ ԱՄՆ-ի զինտեխնիկան Ադրբեջանի օդային տարածքով տեղափոխեն Աֆղանստան: Բնականաբար, սրա դիմաց ինչ-որ բաներ ակնկալել է»,- հիշեցրեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետը կարծում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետը պետք է ուղիղ եւ ակտիվ աշխատեն Բոլթոնի գրասենյակի հետ, որ ադրբեջանցիները մեզանից առաջ չընկնեն:
Սոնա Դավթյան