Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    22°
    Home » Լուրեր » Ինչ կաներ իշխանությունը, եթե ընդդիմություն լիներ

    Ինչ կաներ իշխանությունը, եթե ընդդիմություն լիներ

    Հուլիս 17, 2017 12:43 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    20136571_1209874239124947_2128282750_n

    2016 թվականի այս օրը՝ հուլիսի 17-ի վաղ առավոտյան, «Սասնա ծռեր» խմբի 31 անդամ գրավեց ՀՀ ոստիկանության պարեկապահակետային պահպանության գունդը: Զինված խմբի անդամների նպատակն էր երկրում իշխանափոխություն իրականացնել: Այդ ընթացքում եւ հետագա ամիսներին իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե Հայաստանում հնարավոր չէ զինված իշխանափոխություն իրականացնել: Առհասարակ իշխանափոխության հասնելու հիմնական տարբերակ գործող իշխանության ներկայացուցիչները նշում են ընտրությունները: Այլ հարց է, որ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակաս կա: Ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէ` հայտարարել էին նաեւ իրենք` խմբավորման անդամները:

    Aratatnews.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով մեկ տարի առաջ տեղի ունեցած զարգացումներին եւ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում իշխանափոխության հասնելու ինչ տարբերակներ կան, ասաց, որ 21-րդ դարում զինված իշխանափոխությունը որեւէ երկրում հնարավոր չէ: «Մենք ունենք հարեւան մուսուլմանական երկրներ, օրինակ` Թուրքիայում նույնպես փորձեցին նման բան անել, չեղավ, առավել եւս ժողովրդավարական երկրներում, ովքեր զարգացման այլ ուղի են բռնել, չեմ կարծում, որ դա ճիշտ է կամ իրագործելի: Առավել եւս մեր ժողովրդի, մեր պետության համար դա ճիշտ է»,- ասաց Սահակյանը: Նրա խոսքով` Հայաստանում իշխանափոխության հասնելու լավագույն տարբերակը ընտրություններն են: «Ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանության գալու միակ ուղին ընտրություններում հաղթելն է, այսինքն` ընտրությունների միջոցով իշխանության գալ»,- ասաց նախկին պատգամավորը, հավելելով, թե այս տարի տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցեցին տարբեր քաղաքական ուժեր: «Կային քաղաքական ուժեր, ովքեր ավելի շատ ձայն հավաքեցին, քան նախկինում, այսինքն` միակ ճանապարհը ընտրական գործընթացի միջոցով իշխանության գալն է»,- նշեց Հ. Սահակյանը:

    Դիտարկմանը, թե ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն չկա, որովհետեւ իշխանությունը կեղծում է այն, Սահակյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ հետընտրական զարգացումները հակառակն ապացուցեցին: «Նույնիսկ մեկ քաղաքական ուժ, մեկ քաղաքական գործիչ բարձրաձայն բողոքի որեւէ նոտա չբարձրացրեց»,- ասաց նա, հավելելով, որ քաղաքական ուժերը հնարավորություն ունեին վերահսկելու ընտրական գործընթացը:

    Հարցին, որ եթե տեսականորեն ենթադրենք, որ ՀՀԿ-ն ընդդիմություն լիներ եւ իշխանության գալու հայտ ներկայացներ, ինչպես կվարվեր, ի պատասխան Սահակյանը դարձյալ կրկնեց, թե ընտրությունների միջոցով է հնարավոր հասնել իշխանափոխության:

    Նույն տեսակետին է նաեւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Araratnews.am-ի հետ զրույցում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը հայտարարեց, որ հայ ժողովրդի համար զինված իշխանափոխության հասնելու տարբերակն անընդունելի է: «Քաղաքացիական պատերազմը, զենքով հայը հայի դեմ` դա ամենաբացասական բանն է, եւ դա մեր ժողովրդի համար չէ: Ես կարծում եմ, որ զենքով Հայաստանում իշխանափոխություն երբեք չի լինի, դա անհրաժեշտ չէ եւ բացասական երեւույթ է»,- ասաց Ալեքսանյանը, հավելելով, որ Հայաստանում իշխանափոխության հասնելու այլ եղանակներ կան: Հարցին` որո՞նք են այդ եղանակները, Ալեքսանյանը պատասխանեց. «Ընտրությունների միջոցով, քաղաքացիական հասարակության միջոցով իշխանափոխություն հասնելն է… մեր հասարակարգը պետք է փոխել, ամբողջ քաղաքական դաշտի փիլիսոփայության փոխելու մասին է»:

    Ինչ վերաբերում է հարցին, որ եթե ՀՀԿ-ն փոքրամասնություն դառնա, ապա  զինված իշխանափոխություն կիրականացնի՞ մի օր, Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ իշխանության հասնելու տարբերակների մասին ինքն արդեն նշել է եւ բացառում է զինված հեղափոխությունը:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top