Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Արցախ » Ինչ մեսիջներ կային վարչապետի ելույթում. քաղաքագետներ

    Ինչ մեսիջներ կային վարչապետի ելույթում. քաղաքագետներ

    Ինչ մեսիջներ կային վարչապետի ելույթում. քաղաքագետներ
    Մարտ 12, 2019 17:15 Արցախ, Լուրեր A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում ավտանգության խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Araratnews.am-ը քաղաքագետ Արա Պապյանին հարցրեց՝ ի՞նչ հետեւություն պետք է անել Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից:

    «Ինձ համար ամենակարևորն այն է, որ բանակցային հիմքը նույնն է մնում: Ճիշտ է, դա  Փաշինյանը չանվանեց Մադրիդյան սկզբունքներ, այլ ասաց վեց կետ: Դա ինձ անհանգստացնում է, մնացածը սիրուն խոսքեր են»,- ասաց նա:

    Մեր հարցին՝ ի՞նչ հետեւություն պետք է անի  ԵԱՀԿ Մինսկի խումբը, քաղաքագետն ասաց. «Իմ կարծիքով՝ Փաշինյանն ուզում է, որ  որոշում կայացնողը լինի Արցախը: Արցախն էլ հույս ունի, որ իրենց թիկունքին կլինի Հայաստանի իշխանությունը: Իսկ հիմա ստացվում է, որ Արցախին փաստի առաջ են կանգնեցնում: Ինձ թվում է, որ Արցախը չի կարող համաձայնել Մադրիդյան սկզբունքներին, որոնք ինքնասպանությանը հավասարազոր բան են»:

    Հիշեցրինք, որ վարչապետը նորից կրկնեց՝ Արցախի անվտանգության երաշխավորը կա եւ կլինի Հայաստանի իշխանությունը, Արա Պապյանը դա ոչ էական համարեց: «Դրանք խոսքեր են, էականն այն է, թե ինչի՛ն ենք մենք համաձայնում որպես բանակցային հիմք»,- պնդեց քաղաքագետը:

    Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանն էլ կարևորեց այն ձեւաչափը, որի համաձայն էլ եղավ այսօր նիստը: Այն, ըստ վերլուծաբանի, աննախադեպ է: «Կկարևորեմ սիմվոլիզմը արցախյան հարցի հանրայնացման ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության կոնտեքստում:  Հայաստանի իշխանությունը նմանօրինակ  ինստիտուցիոնալ քայլ է ձեռնարկում՝ հաշվի առնելով Արցախի՝ անվտանգության  օղակի կարծիքը»,- ասաց նա:

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեքստը, մեր զրուցակցի խոսքով, բավական  առարկայական, թիրախային էր, հաշվենկատ: «Նա փորձեց իր տեսլականը ներկայացնել: Այսօր հնչեցված թեզերը, առաջարկները՝ կապված երեք սկզբունքների ու մնացած բաղադրիչների մասով,  տարընթերցումների, մեկնաբանությունների տեղիք են տալիս, որը օգտագործվում է տարաբնույթ գործընթացներում, ստեղծում անվստահության մթնոլորտ»,- մանրամասնեց քաղաքագետը:

    Ալեն Ղեւոնդյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց հիմնավորել իր առաջ քաշած թեզը Արցախի՝ բանակցություններին  մասնակցելու մասին: Ինչպե՞ս է Հայաստանը ներկայացնելու Արցախը, եթե Արցախի ժողովուրդը նրան վստահության քվե չի տվել: «Փաշինյանն այսօրվա նիստում լեգալացնում է այն թեզը, որ հնչել է իր կողմից: Մասնավորապես, եթե հանկարծ Արցախի մասնակցությունը լինի անհնար բանակցային գործընթացում, ապա Արցախը Փաշինյանին վստահության քվե կտա՝ ներկայացնելու իր շահերը բանակցություններում: Կարծում եմ՝ սիմվոլիզմի տեսանկյունից կարող ենք վստահության քվեի մասին խոսել»,- նշեց քաղաքագետը:

    Սակայն, ըստ վերլուծաբանի, Փաշինյանի ելույթի շեշտադրումները  հրապարակային դիվանագիտության ակտեր են, պետք է սպասենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանն ու բանակցային գործընթացում դրա արտացոլմանը:

    Սոնա Դավթյան


    scroll to top