Գլխավոր Իրավական Ինչ փուլում է անցումային արդարադատությունը. փոխնախարարը պարզաբանում է

Ինչ փուլում է անցումային արդարադատությունը. փոխնախարարը պարզաբանում է

1
0

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել դատաիրավական համակարգի բարեփոխումներին և անցումային արդարադատության հեռանկարին առնչվող հանդիպում-քննարկում: Այն կազմակերպվել էր «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից՝ «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:

Բացման խոսքում Աննա Վարդապետյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ներկայացրել նախարարության կողմից անցումային արդարադատության ուղղությամբ ձեռնարկվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: «Մենք մեզ չենք կարող ճոխություն թույլ տալ և որոշակի ժամանակահատվածով կասեցնել դատական համակարգի գործունեությունը: Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից»,- նշել է փոխնախարարը:

Աննա Վարդապետյանը նաև հավելել է, որ անցումային արդարադատությունն ընթացակարգ է, մեխանիզմների ամբողջություն և ոչ թե ինստիտուտ, այն ժամանակավոր բնույթ է կրում:

«Այս ամենն ինքնանպատակ չէ. մենք ունենք կարևոր խնդիր՝ ընտրել այն գործիքը, որը լավագույնս կօգնի «բուժել» այս իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը՝ հորդորելով քննարկման մասնակիցներին մտքերի և տեսակետների առաջադրման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով, իսկ քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկները գրավոր ներկայացնել արդարադատության նախարարություն: