Գլխավոր Իրավական Ինչ ուզելու եմ՝ դա ասելու եմ, նստած լսելու ես. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին....

Ինչ ուզելու եմ՝ դա ասելու եմ, նստած լսելու ես. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին. լարված իրավիճակ դատարանում

3
0

Քոչարյանի գործով դատական նիստն անցնում է լարված իրավիճակում: Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոչ արեց Ռոբերտ Քոչարյանին արտահայտություններում լինել կոռեկտ: Քոչարյանը դատախազությանը մեղադրում էր այն բանում, որ նրանք չեն պատկերացնում ՊՆ համակարգը: «Ես այդ մասով ասելու ոչինչ չունեմ»,- ասաց Քոչարյանը:

Ի պատասխան Քոչարյանի այդ հայտարարության՝ տեղում հայտարարություն արեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ներկայացնում ենք Քոչարյանի և Դավթյանի, ինչպես նաև պաշտպանների երկխոսությունը:

Արթուր Դավթյան — Կոչ եմ անում բոլոր մասնակիցներին՝ իրենց խոսքերում կոռեկտ լինել:

Հայկ Ալումյան —  Հարգելի՛ դատարան, էս կարգը բոլոր հնարավոր խախտումներից դուրս ա գալիս: Թույլ եք տալիս դատախազությանը ընդհատել ցանկացած պահի, մեզանից ցանկացածի խոսքը, անգամ բառը չավարտած:

Դատավոր — Պարո՛ն Ալումյան, դուք բազմաթիվ անգամ, այս 3-4 օրվա ընթացքում, ցանկացած պահի հայտարարությամբ եք հանդես եկել:

Հայկ Ալումյան — Ես կա՛մ հայտարարությամբ եմ հանդես եկել, կա՛մ էլ դատարանի դեմ առարկությամբ:

Դատավոր — Իսկ ի՞նչ գիտեք՝ ինքը հայտարարություն չէր անում:

Արթուր Դավթյան — Հարգելի՛ դատարան, կոչ եմ անում բոլոր մասնակիցներին կոռեկտ գտնվել իրենց արտահայտություններում:

Արթուր Դավթյանին ընդհատում էր Հայկ Ալումյանը: Մի պահ խոսում էին բոլորը, ոչինչ հասկանալի չէր:

Արթուր Դավթյանը, շարունակելով խոսքը, կոչ արեց մաքուր իրավական դաշտում խոսել և չտրվել հուզականությանը:

Ռոբերտ Քոչարյանն էլ, արձագանքելով գլխավոր դատախազին, նշեց. «Ձեր մեղադրականը իրավականի հետ ոչ մի կապ չունի: Ինչ ուզեմ՝ նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»: