Գլխավոր Լուրեր Ինչն է Թրամփի՝ Հայաստանին չշնորհավորելու պատճառը

Ինչն է Թրամփի՝ Հայաստանին չշնորհավորելու պատճառը

10
0

ԱՄՆ-ը մայիսի 24-ին շնորհավորեց Ադրբեջանի նախագահին` Ադրբեջանի առաջին հանրապետության տոնի առթիվ: Տոնը նշում են մայիսի 28-ին: Սակայն Հայաստանի վարչապետին ԱՄՆ-ը չշնորհավորեց: Սա գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Araratnews.am-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանն ասաց, որ  Հայաստանի ղեկավարությունը պետք է առավել ակտիվ աշխատի ամերիկացիների հետ  բոլոր ուղղություններով: «Որոշ մարդիկ պնդում են, որ  Հայաստանի անկախության տոնը սեպտեմբերի 21-ն է, բայց  ԱՄՆ-ը շնորհավորում է նաև Ադրբեջանի անկախության տոնը: Կարծում եմ, ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններն ակտիվ աշխատում են, և սա այդ աշխատանքի արդյունքներից է»,- մանրամասնեց Սուրեն Սարգսյանը:

Պատմական կարևոր հանդիպում եղավ նաև Վրաստանում, որտեղ պաշտոնական այցով մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն օդանավակայանում նրան դիմավորեց Վրաստանի փոխվարչապետը: Արդյոք  Վրաստանի վարչապետի այս քայլը մեսի՞ջ էր Հայաստանին, եւ ինչպես սա հասկանալ: Միջազգայնագետի խոսքով՝ պարտադիր չէ, որ  վարչապետին մեկ այլ երկրի վարչապետը դիմավորի. «Շատ դեպքեր են եղել, որ Հայաստան են ժամանել տարբեր վարչապետներ, որոնց չեն դիմավորել համապատասխան պաշտոնյաներ»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այցի առանձնահատկությանը, վերլուծաբանի խոսքով՝ առաջին օտարերկրյա այցը տեղի ունեցավ Վրաստան, քանի որ Հայաստանի համար  Վրաստանը կենսական նշանակություն ունի: «Այցը դեռ չի ավարտվել, որ կարողանանք վերջնական գնահատական տալ: Բայց այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջավախք, կարևոր է, քանի որ վերջին անգամ Տեր-Պետրոսյանն է այցելել այնտեղ: Սա նոր քաղաքական մոտեցում է»,- կարծում է Սուրեն Սարգսյանը:

Սոնա Դավթյան