Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ 30 դպրոցից միայն Պուշկինի անվան դպրոցում ներդվեց անցաքարտային համակարգը, և ո՞վ...

Ինչո՞ւ 30 դպրոցից միայն Պուշկինի անվան դպրոցում ներդվեց անցաքարտային համակարգը, և ո՞վ է ներդնողը

110
0

Ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ Երևանի 30 դպրոցներում կներդրվի նոր քարտամագնիսային համակարգ: Նախատեսվում է դպրոցներում տեղադրել արգելափակոցներ. երեխաները հատուկ մագնիսային քարտերով մուտք կգործեն դպրոց, իսկ ծնողները հաղորդագրություն կստանան երեխայի մուտքի և ելքի մասին։

Քանի որ սեպտեմբերի 1-ին հաշված օրեր են մնացել, Araratnews.am-ը փորձեց հասկանալ, թե ծրագիրն ի՞նչ փուլում է և արդյոք իրականությո՞ւն է դարձել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ պիլոտային ծրագիրը նախատեսված 30 դպրոցներից ներդրվել է միայն մեկում՝ Պուշկինի անվան դպրոցում. «Հիմա դիտարկման փուլում է, թե որ դպրոցներում ներդնեն, որտեղ ինչ խնդիրներ կան, բայց կոնկրետ ասել՝ որ դպրոցներում և երբ կարվի հնարավոր չէ: Ծրագիրը կշարունակվի, բայց քանակ կամ ժամկետներ չեմ կարող ասել»:

Ինչ վերաբերում  է հաղորդագրություններին. «SMS-ի անցնելու համակարգը, որով նախատեսվում է երեխայի մուտքի ու ելքի մասին տեղեկությունն ուղարկել ծնողին, թողնված է լինելու ծնողի հայեցողությանը: Համակարգը Պուշկինի անվան դպրոցում կգործի սեպտեմբերից: Դա ստիպողաբար չի լինելու, բայց բոլորին բաժանվելու են այդ քարտերը: Քարտը տրամադրվում է անվճար, երեխան կարող է մուտք գործել դպրոց և դուրս գալ այդ քարտով, բայց ծնողը կարող է բաժանորդ դառնալ կամ չդառնալ, այսինքն՝ միանալ համակարգին իր կամքով»:

Հարցին՝ ինչո՞ւ 30 դպրոցներից ընտրվեց հենց Պուշկինի անվան դպրոցը, քաղաքապետարանից մեզ ասացին, որ դիտարկված դպրոցների ցանկում առաջինը նպատակահարմար են գտել այնտեղ ներդնել:

Արդյոք թա՞նկ հաճույք է անցաքարտային համակարգերի ներդրումը, մեզ դժվարացան պատասխանել՝ նշելով, որ ընկերությունը կամավոր է իրականացնում ծրագիրը:

Անդրադառնալով նախատեսված մյուս դպրոցներում համակարգի ներդրմանը. «Նախնական հաշվարկով, ընկերությունը պլանավորում է իր դիտարկումներն այդ 25-30 դպրոցում ավարտել սեպտեմբերի վերջին, դրանից հետո կորոշեն շարունակել, թե ոչ: Դիտարկումն իր մեջ ներառում է դպրոցի նյութատեխնիկական մասը, շենքի, պահակակետի համապատասխանությունը: Ընկերությունն իր միջոցներով է անում: Հետագայում, կախված ծրագրի ընթացքիկ ցուցանիշներից, կորոշի շարունակել, թե ոչ»:

Դիտարկմանը՝ ո՞րն է ընկերության շահագրգռվածությունը կամավորության սկզբունքով անվտանգության համակարգեր ներդնել դպրոցներում, քաղաքապետարանից մեզ ասացին, որ քարտային համակարգին ծնողների բաժանորդագրությունից ընկերությունը որոշակի գումարներ կաշխատի:

Մենք տեղեկացանք, որ ծրագիրն իրականցնում է «Եվրոհոլդինգ» ընկերությունը, որի գործունեության մասին քաղաքապետարանը տեղյակ չէր:

Ի դեպ, մենք պարզեցինք, որ ընկերությունը հունիսին հանդիպում  է ունեցել դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում «Դպրոց» անվտանգության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ ընկերությունը էլեկտրոնային ռեգիստրում գրանցվել է այս տարվա մայիսին, այլ տեղեկություններ չկան: