Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    -1°
    Home » Լուրեր » Ինչո՞ւ աջակցել Ռուսաստանին, երբ նա հակահայկական քաղաքականություն է վարում

    Ինչո՞ւ աջակցել Ռուսաստանին, երբ նա հակահայկական քաղաքականություն է վարում

    Հուլիս 17, 2017 17:50 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    2496973

    Մենք տարբեր միջազգային հարթակներում պաշտպանում ենք Ռուսաստանի շահերը, բայց փոխարենը ոչինչ չենք ստանում: Նման կարծիք Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Մինսկում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված բանաձևին, որը կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել Ղրիմից: Բանաձևին դեմ էին քվեարկել Խորհրդարանական վեհաժողովի ռուս և հայ անդամները:

    «Եթե իմանամ, որ Ռուսաստանը դադարեցնում է զենքի վաճառքը և մատակարարումը Ադրբեջանին կամ ավելի ադեկվատ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասի երկրների և կոնկրետ իր, այսպես կոչված, ռազմավարական գործընկերոջ հանդեպ, որն իբր Հայաստանն է, ես կմտածեի, որ, այո՛, թեկուզև մենք մեզ համար խնդիրներ էլ ստեղծեինք միջազգային ասպարեզում եվրպական երկրների և Միացյալ Նախահգների հետ, գոնե օգուտ ունենք, որովհետև մեր ռազմավարական գործընկերը մեր կողքին է»,- նշեց քաղաքագետը:

    Նա ընդգծեց, որ այսօր Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում. «Հատկապես վերջին շրջանում Ռուսաստանը հակահայկական քաղաքականություն է վարում բոլոր առումներով` սկսած ահռելի քանակությամբ զենքի վաճառքից Ադրբեջանին, այն  դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության հետ 200 մլն դոլարի զենքի վաճառքի պայմանագիր է կնքել, և մինչ օրս ոչ մեկի պարզ չէ, թե այդ պայմանագրի կետերից որոնք են իրականացվել, և զենքի քանի՞ տոկոսն է մատակարարվել Հայաստան: Իսկ Ռուսաստանի վերջին հակահայկական քայլն այն էր, որ Ռուսաստանը չի ճանաչում հայկական վարորդական իրավունքներն այն դեպքում, երբ ճանաչում է Ղրղզստանի, Ղազախստանի ու Բելառուսի վարորդական իրավունքները»:

    Հարցի առնչությամբ խոսեցինք նաև քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանի հետ, ով այս դեպքում չշտապեց որևէ գնահատական տալ, թե ինչու է Հայաստանը Ռուսաստանի հետ դեմ քվեարկել, երբ մեզ վերաբերող շատ հարցերում Ռուսաստանը մեր կողքին չէ:

    «Բանաձևի տեքստը չիմանալով` դժվար է ասել, թե այնտեղ կոնկրետ ինչ կետեր են նշված եղել: Չէ՞ որ միայն անվանմանը չես քվեարկում, այլ հենց բուն իմաստին: Այն, որ բոլորս գիտենք, որ ԵԱՀԿ վեհաժողովի պատվիրակությունը բազմաթիվ դեպքերում ավելի շատ Ռուսաստանով է առաջնորդվել, քան հայկական շահերով, անցած հինգ տարիների ընթացքում տեսել ենք: Բացի այդ, պետք է հասկանալ, թե կոնկրետ այս դեպքում ի՛նչ խնդիր է դրված եղել, ի՛նչ տեքստ է եղել»,- նշեց Թևան Պողոսյանը:

    Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ պետք է սպասել մեր պատվիրակների վերադարձին, ապա մեկնաբանել կատարվածը. «Մենք կարող ենք հազար ու մի տեքստերում լսել Ռուսաստանի անունը, կարող ենք լսել Ղրիմի անունը, բայց պետք է հասկանանք, որ եթե այդ կարգի վեհաժողովներում ընդունում են մի փաստաթուղթ, հետո շատ ժամանակ մեր թշնամիները կարող են օգտագործել այդ փաստաթղթում մեր խնդրի հետ կապված նմանությունը: Մենք այդ խնդրով պետք է առաջնորդվենք, ի սկզբանե: Եվ ասեմ, որ եթե այդ փաստաթուղթը չվերաբերեր Ռուսաստանին ու Ղրիմին,  այլ վերաբերեր մեկ այլ երկրի ինքնորոշման իրավունքի իրագործմանը, նույն կերպ պետք է դեմ քվեարկեինք»:

    Հիշեցնենք, որ Մինսկում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը, որի ընթացքում ընդունվել է բանաձև, որը կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել Ղրիմից:

    Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ-ի 91 անդամ, դեմ՝ 15-ը: Դեմ քվեարկողների շարքում եղել են Խորհրդարանական վեհաժողովի ռուս և հայ անդամները, ինչպես նաև 2 բելառուս պատգամավոր:

    Նման թեմաներ

    scroll to top