Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Ինչո՞ւ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

    Ինչո՞ւ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

    Ինչո՞ւ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղանի շուրջ
    Մայիս 11, 2018 12:54 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հարցի լուծումը հնարավոր չէ, եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, նշանակում է, որ Հայաստանը մի փոքր կոշտացնում է իր դիրքորոշումը: Բայց եթե գործնական առումով նայում ենք, ըստ էության, սա որևէ գործնական հետևանք չի կարող թողնել, որովհետև ակնհայտ է, որ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան:

    Առաջինը՝ սրան հաստատ չեն համաձայնի ո՛չ Բաքուն, ո՛չ էլ միջնորդները, որովհետև երբ մենք ասում ենք վերադառնալ, մի փոքր ինքնախաբեության մեջ ենք: Արցախը երբեք, այսպես ասած, բանակցությունների սեղանի շուրջ չի եղել թեկուզ որպես ինքնահռչակ պետություն: Այն ժամանակ, որ մասնակցում էր, նրա պատվիրակության կարգավիճակը Արցախի հայ համայնքի ներկայացուցիչների կարգավիճակ էր, որին զուգահեռ մասնակցում էր նաև Ադրբեջանի համայնքը»:

    Արա Պապյանի խոսքով` նաև լինելիք չէ այն ցանկությունը, որ մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի Արցախի անկախությունը ճանաչեն. «Դա հնարավոր չէ պարզ պատճառով՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար Արցախը պետք է լինի անկախ, որն այդպես չէ, և դրա մասին բոլորը գիտեն: Արցախը Հայաստանի Հանրապետության կատարյալ վերահսկողության տակ է, իսկ անկախություն նշանակում է ոչ միան անկախություն Ադրբեջանից, այլ նաև Հայաստանից: Կարելի է ցանկացած բան հայտարարել, շարունակել բանակցությունները, որը պետք է այս ընթացքը պահելու համար, բայց խնդիրը չունի բանակցային լուծում, խնդիրը կարող է լուծվել միայն Հայաստանի հզորացման և Ադրբեջանի թուլացման, տկարացման և տրոհման ճանապարհով, այլ ճանապարհ չկա»:

    Ասուլիսին ներկա մյուս բանախոս ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ, համաձայնելով գործընկերոջ ասածին, հավելեց. «Ես եղել եմ  ԵԱՀԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, այն ժամանակ մասնակցությունը ղարաբաղյան կողմից միշտ օրակարգում եղել է, որը 98-ին չեղյալ հայտարարվեց: Այն ժամանակ Արկադի Ղուկասյանը հաճախ էր լինում Վիեննայում, մասնակցում էր ոչ պաշտոնական նիստերին և կուլիսային կապեր էր պահում նաև մեծ տերությունների ղեկավարների հետ, և սա կարծես թե օրակարգի հարց էր դարձել: Բայց ինստիտուցիոնալ, միջազգային իրավունքի տեսանկյունից սա երբեք ուժ չի ունեցել, դե ֆակտո եղել է, բայց դե յուրե չի եղել: Հետո մեր դիվանագիտությունը հասավ մի այնպիսի աստիճանի, որ բացարձակապես դուրս մղվեց Ղարաբաղը, և երկու պետությունները՝ Հայաստանը և Ադրբեջանը, առճակատվեցին»:

    Արման Նավասարդյանը նաև հավելեց. «Հիմա ինչ որ ասաց Նիկոլ Փաշինյանը, իհարկե  հետաքրքիր մոտեցում էր, բայց թե դա ինչ զարգացում կունենա` ես դժվարանում եմ ասել: Ինձ այստեղ մեկ ուրիշ հարց է ուրախացնում, օրինակ՝ այսպիսի մի բան ասաց, թե ինչպե՞ս կլինի բանակցություն, եթե տարածքների հանձնման հարց կա, ի՞նչ տարածքների հանձնում: Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից»:

    Նման թեմաներ

    scroll to top