Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ է աղմկում Բագրատյանը

Ինչո՞ւ է աղմկում Բագրատյանը

9
0

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որով փաստացի հակադարձում է Նիկոլ Փաշինյանին` նրան անգամ համեմատում Սերժ Սարգսյանի հետ։

Բագրատյանն իր գրառման մի այսպիսի միտք է արտահայտում, որը, մեղմ ասած, տեղին չէ․ «Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում, 1-ինի համեմատ, ներդրումները պակասել են 11 անգամ»: 

Նկատենք, որ 2018-ի երկրորդ եռամսյակը ապրիլ-մայիս-հունիս ամիսներն են, երբ Հայաստանը բառի բուն իմաստով կանգնած էր: Հենց այդ ամիսներին էր, որ Երևանում տեղի էին ունենում դրամատիկ իրադարձություններ, որոնք հանգեցրին հեղափոխության: Բայց Բագրատյանը, ցանկանալով նշել, որ երկրորդ եռամսյակում ներդրումները 11 անգամ պակասել են առաջին եռամսյակից՝ ցանկանալով ցույց տալ Նիկոլ Փաշինյանի թերացումը՝ անում է ճիշտ հակառակը:

Պատկերացրեք մի գործարան, որի բոլոր աշխատողները 3 ամիս աշխատանքի չեն գնում։ Պարզ է, որ գործարանն այդ ամիսներին արտադրանք տալ չի կարող: Նույն իրավիճակը Հայաստանում էր ապրիլ-հունիս ամիսներին. երկիրը կանգնած էր: Բայց եթե հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 11 անգամ նվազել է ապրիլ-հունիսյան ներդրումները, պետք է նկատենք, որ ներդրումներ, այնուամենայնիվ, եղել են:

Բագրատյանը փաստում է, որ Երևանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում, ճիշտ է՝ քիչ, բայց ներդրումներ եղել են, իսկ սա նշանակում է, որ նոր կառավարությունը կարողացել է այնքան կայուն պահել ներքաղաքական իրավիճակը, որ եղել են մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, ներդրում կատարել են:

Այսքանը Բագրատյանը հասկանում է, սակայն ինչո՞ւ է դիմում նման մանիպուլյացիաների՝ քննադատելով իշխանություններին, հույսը դնելով  այն բանի վրա, թե իրենից բացի երեւի ոչ ոք ոչինչ չի հասկանա:

Ի դեպ, Հրանտ Բագրատյանն իր գրառման մեջ տնտեսական ակտիվները մերթ համեմատում է նախորդ տարվա մայիս-սեպտեմբերի հետ, իսկ մեկ այլ պարբերությունում ապրիլ-մայիս-հունիսը համեմատում է դրան նախորդող եռամսյակի հետ: Հանուն արդարության պետք է նշենք, որ նա պարտավոր էր նույնկերպ վարվել և համեմատել 2-րդ եռամսյակը՝ անցյալ տարվա 2-րդ եռամսյակի հետ: Տպավորություն է, որ նա ցանկացել է ցույց տալ, թե իբր ամեն ինչ վատ է:

Նա դա անում է վարպետորեն՝ ձեռքի հետ գովերգելով Կարեն Կարապետյանին, շատ լավ հասկանալով, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ հեղափոխության ժամանակ տնտեսությունը ենթարկվում է ցնցումների, ինչը մեզանում, բարեբախտաբար, չի եղել, իսկ դա արդեն իսկ ձեռքբերում է:

Այս ամենից հետո հարց է ծագում.  ինչո՞ւ է աղմկում Բագրատյանը: