Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ է Ազգային ժողովի անվտանգության համակարգն ուժեղացվելու

Ինչո՞ւ է Ազգային ժողովի անվտանգության համակարգն ուժեղացվելու

1
0

Կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց մոտ 85 մլն դրամ տրամադրել Ազգային ժողովի անցակետերում անվտանգության ապահովման նպատակով տեղադրված ռենտգենյան զննող սարքավորումները նորերով փոխարինելու համար։ Կառավարության նիստից հետո լրագրողները ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են որոշել անվտանգության սարքերը փոխել և ավելացնել։

«Նոր անցակետ ենք ուզում տեղադրել, որ ավելի հեշտ լինի քաղաքացիների մուտքը»՝ նշեց Գալստյանը։

Հարցին՝ որտե՞ղ է տեղադրվելու ռենտգենյան սարքը, Տիգրան Գալստյանը պատասխանեց․ «ԱԺ նախագահի մուտքի մոտ տեղադրվելու է միայն կամարը, ռենտգեն սարքը այլ տարածքի համար է նախատեսված»։

Դիտարկմանը՝ ո՞րն է հսկողության ուժեղացման պատճառը․ «Խնդիրը նրանում է, որ սարքերի մոդելները հին են և անընդհատ խափանվում են։ Մենք խնդրի առաջ ենք կանգնելու, որ դրանք շահագործումից դուրս գան»։

Արդյոք պատճառը իր տեղակալի կողմից զենք անցկացնե՞լն էր․ «Իմ տեղակալը զենք չի անցկացրել, դրանք ուղղակի խոսակցություններ են»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ Դեմիրճյան փողոցի անցակետում խնդիր է եղել անվտանգության համակարգերի հետ կապված և դրանից հետո է որոշվել անցակետի հսկողությունն ավելացնել։